Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի հերթական նիստը

17.07.2025

   Հուլիսի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում Վայոց ձորի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Կոլյա Միքաելյանի գլխավորությամբ և խորհրդի անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ մարզի խորհրդի հերթական նիստը։
   Ներկա էին նաև գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների աշխատակազմերի ներկայացուցիչներ։
   Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը ներկայացրեց օրակարգի նախագիծը, ապա մաղթեց կառուցողական և արդյունավետ քննարկում զեկուցվող հարցերի շուրջ։
   Օրակարգում ընդգրկված էր 10 հարց, որոնցից 5-ը ներկայացրին մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները, մյուս հարցերի մասին զեկուցեցին համայնքների ներկայացուցիչները։
   ՀՀ Վայոց ձորի մարզում 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկուցեց Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վարդան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով իրավական-մասնագիտական հսկողության արդյունքներին, տարեկան աշխատանքային պլաններին, աշխատանքների հրապարակայնության ապահովմանը , ավագանու նիստերին, համայնքային թափուր պաշտոնների մրցույթների և հանրային լսումների կազմակերպմանը և այլն։ Շեշտադրվեց բնակիչների շրջանում ավագանու անդամների և վարչական ղեկավարների աշխատանքների արդյունավետության բարձրացման հարցը։
   Օրակարգի երկրորդ հարցը՝ ՀՀ Վայոց ձորի մարզում 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում կատարված աշխատանքների վերաբերյալ, ներկայացրեց Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը՝ անդրադառնալով ցանքսերին, հաշվառված անասնագլխաքանակին, անասնաբուժական միջոցառումներին, ոռոգման ջրի համակարգի ընդհանուր պատկերին, բնապահպանության ոլորտում կատարված աշխատանքներին։ Ոռոգման համակարգի խնդիրների համատեքստում քննարկեցին մարզում ջրամբարների կառուցման հեռանկարները։
   Այնուհետև ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի պաշտոնում փորձագետ Գվիտոն Դավթյանը ներկայացրեց 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման պատկերը՝ ըստ առանձին հարկերի ու տուրքերի և համայնքների, ըստ պլանավորումների և հավաքագրման արդյունքների։ Զուգահեռ ներկայացվեցին նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տվյալները։ Ընդհանուր առմամբ արդյունքները գոհացուցիչ էին, և կար աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սակայն որոշ հարկերի հավաքագրման ուղղությամբ տեմպերը ավելացնելու խնդիր կա։
   2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման ոլորտում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկուցեց Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Արգամ Մարգարյանը՝ ներկայացնելով հիմնական ուղղություններով կատարված աշխատանքները , դրանց արդյունքները, ընթացիկ վիճակը՝ շինարարական ծրագրեր, գազիֆիկացում, ջրամատակարարում, ճանապարհաշինություն, հողաշինություն և այլ։ Ի թիվս մի շարք խնդիրների՝ մեկ անգամ ևս ընդգծվեց ինքնակամ շինությունները բացահայտելու, հաշվառելու, օրինականացման ենթակա և ոչ ենթակա շինությունների հետ կապված խնդիրները:
  Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Արամ Կոստանյանը ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի մարզում 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում զարգացման ծրագրերի մշակման և իրականացման ոլորտում կատարված աշխատանքները՝ անդրադառնալով հիմնականում սուբվենցիոն ծրագրերին իրականացման ընթացքին, արդյունքներին, արձանագրված խնդիրներին, մարզում զբոսաշրջային ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերին: Նշվեց, որ մարզն ունի զբոսաշրջային մեծ ներուժ / ՀՀ-ում մշակվել է զբոսաշրջային 10 կլաստեր, որից 3-ն իրականացվում է Վայոց ձորում/ , ուստի համատեղ ջանքերով հարկ է այն զարգացնել: Սուբվենցիոն ծրագրերի անդրադառնալիս մեկ անգամ ևս կարևորվեցին դրանց առաջնահերթությունների օբյեկտիվ սահմանումը և բնակիչների առաջնային շահերի բավարարումը:
   Օրակարգի մյուս 5 հարցերի շրջանակներում մարզի համայնքապետարանների ներկայացուցիչները ներկայացրին համայնքներում 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների հիմնական ուղղությունները, արդյունքները, ընթացիկ վիճակը, ձեռքբերումները,առկա խնդիրները։
  Արձանագրվեց, որ տարբեր ոլորտներում կատարվել է մեծ ծավալի աշխատանք, սակայն կան խնդիրներ, որոնք պետք է լուծել համատեղ ուժերով և միասնական մոտեցմամբ։ Շեշտվեց, որ կատարված աշխատանքը գնահատելիս պետք է դիտարկվի նախ դրա արդյունավետությունը, իսկ խնդիրները վեր հանելիս մատնանշվեն լուծման ուղիները։ Կարևորվեցին խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների հետևողականությունը, ժամկետների պահպանումը, վերահսկողության մեխանիզմների կիրառումը, պատասխանատու տարբեր օղակների համագործակցված աշխատանքը։
   Ամփոփելով ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի հերթական նիստը՝ մարզի խորհրդի նախագահ, մարզպետ Կոլյա Միքաելյանը նշեց, որ ի թիվս մի շարք աշխատանքների՝ մեծապես կարևորում է նաև տարբեր ոլորտներում կատարվող աշխատանքների, ծրագրերի մասին հանրության լայն շրջանակների իրազեկման հարցերը, բնակիչների լավագույն շահի ապահովումն ու նրանց գոհունակության մակարդակի բարձրացումը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-25 13:41:01