Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Միջոցառում՝ նվիրված հերոս Նորայր Սողոմոնյանի հիշատակին
02.07.2025
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները հուլիսի 1-ին Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում ներկա գտնվեցին Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս Նորայր Սողոմոնյանի ծննդյան 25-ամյակին նվիրված միջոցառմանը։
Նորայր Սողոմոնյանը Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք գյուղից էր, օժտված էր նկարելու և նվագելու ձիրքով։ Նա պետք է դառնար գեղանկարիչ կամ երաժիշտ, միգուցե համադրեր պատանին ի վերուստ տրված երկու շնորհներն էլ, բայց ուրիշ առաքելություն էր ճակատագիրը սահմանել նրա համար, առաքելություններից վեհագույնն ու ազնվագույնը՝ դառնալ հայրենյաց պաշտպան, հայրենիքի համար օրհասական պահին չխնայել ամենաթանկը՝ կյանքը:
Նորայր Սողոմոնյանն այն բազմաթիվ հայորդիներից էր, ով իմացյալ մահով գնաց դեպի անմահություն՝ իր ապրած ընդամենը 20 գարուններով հայրենասիրության և խիզախության դաս ու պատգամ թողնելով երիտասարդ սերունդներին:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին Նորայրի գեղանկարները, ներկայացվեցին նրա կյանքի հետաքրքիր դրվագները, նրան բնութագրող տողեր։ Միջոցառման գեղարվեստական մասում հնչեցին հայրենասիրական երգեր, բանաստեղծություններ, կատարեցին ազգային պարեր։ Միջոցառման բոլոր դրվագներում լուսավոր թախծին միախառնված էր հպարտության զգացմունքը։
Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն իր ելույթում կարևորեց հայրենիքի խաղաղ արշալույսների համար կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակը վառ պահելու, հայրենասիրական արժեքներով սերունդներին դաստիարակելու, հայրենիքի ապագայի հանդեպ լավատեսությամբ զինվելու հանգամանքները։
Հատկանշական է, որ հերոսի մայրը որդու երբեմնի երազանքին՝ հայրական տանը կից տարածքում հիմնել արվեստանոց, նոր գույն ու ոգի տվեց՝ յուրովի ապրեցնելով Նորայրին․ հիմնվել է հերոսի անվան տուն - թանգարան, որտեղ մեկտեղվում են մշակույթն ու հայրենասիրությունը, կարևորվում գնահատանքն ու բարձր արժեքները: