Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արենիի միջնակարգ դպրոցի թիմը՝ մրցանակակիր
30.06.2025
Այս տարի ևս Վայոց ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոցի թիմը (ֆիզկուլտուրայի ուսուցիչ` Արարատ Մկրտչյան) ,, ՀՀ վարչապետի գավաթ,, դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլում ցուցաբերեց բարձր պատրաստվածություն և գրանցեց հաղթական արդյունք՝ գրավելով 2-րդ պատվավոր հորիզոնականը: Չորրորդ տարին անընդմեջ մարզը ներկայացնող դպրոցի թիմը մրցույթի եզրափակիչ փուլում զբաղեցնում է մրցանակային հորիզոնականներ՝ դրսևորելով մարզական հաստատուն կամք և ոգի:
Մրցանակակիրներին Արենի բնակավայրի մուտքի մոտ հանդիսավորությամբ դիմավորեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան և Արենիի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Փառանձեմ Մկրտչյանը՝ շնորհավորելով ֆիզկուլտուրայի ուսուցչին և դպրոցականներին, մաղթելով նոր նվաճումներ և շարունակական ձեռքբերումներ:
Հավելենք, որ չորրորդ անգամ անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել են հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին մասնակցել է 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ)՝ հաղթահարով 5000 մետր մրցատարածությունը::
1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները պարգևատրվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով: Մասնավորապես՝ առաջին տեղ զբաղեցրած դպրոցը ստացել է 4 մլն դրամ, երկրորդ տեղը 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը 1 մլն 500 հազար դրամ: Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը ստացել է 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ, երկրորդ և երրորդ տեղերը, համապատասխանաբար, 500 հազար դրամ ուսուցիչը, 100 հազարական դրամ՝ աշակերտները, 300 հազար դրամ՝ ուսուցիչը և 75 հազարական դրամ՝ աշակերտները: