Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողովի շրջանակներում ֆրանսիացի գործընկերներն այցելեցին նաև Ջերմուկ

04.06.2025

   ՀՀ Վայոց ձորի մարզի պատվիրակությունը մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորությամբ հունիսի 2-3-ը մասնակցեց Գորիսում կայացած Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողովին, որը մեկնարկել է «Ինչպիսին է ապակենտրոնացված համագործակցության դերը Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական հարաբերություններում» խորագրով նիստով։
   Համաժողովը միավորել էր Հայաստանի և Ֆրանսիայի տարբեր համայնքների ներկայացուցիչների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների՝ նպատակ ունենալով խորացնել երկկողմ գործընկերությունը և քննարկել ապակենտրոնացված համագործակցության ընթացիկ ձեռքբերումներն ու հեռանկարները։
   ՀՀ Վայոց ձորի մարզի պատվիրակությունը մասնակցել է աշխատաժողովներին և պանելային քննարկումներին, իսկ մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը հանդես է եկել զեկույցով։
   Այնուհետև մարզի պատվիրակությունը ներկա է գտնվել բարձրաստիճան բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման հանդիսավոր արարողությանը։
Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողովի շրջանակներում ֆրանսիացի գործընկերներն այցելել են նաև Ջերմուկ։
   Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի և Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի ուղեկցությամբ հյուրերն այցելել են Ջերմուկի խորհրդանիշ <<Եղնիկ>>, <<Ջրահարսի վարսեր>> ջրվեժ ու հանքային ջրի ըմպելասրահ՝ համտեսելով բուժիչ հանքային ջուրը։
   Այնուհետև երկու կողմերը քննարկել են ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես դիտարկվել են ֆրանսիական մի քանի քաղաքների և տարածաշրջանների հետ համագործակցության նոր հեռանկարները։
Բրունհամել բնակավայրի և Ջերմուկ խոշորացված համայնքի Գնդեվազ բնակավայրի միջև կձևավորվի համագործակցություն գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ, իսկ Օ-դե-Ֆրանս ռեգիոնի հետ համագործակցության շրջանակները կարող են մի քանի ոլորտներ ընդգրկել՝ առողջապահություն, ֆրանսերենի ուսուցման ընդլայնում, զբոսաշրջություն։
   Ֆրանսիական Սեն Ռաֆայել և Ջերմուկ քաղաքների միջև համագործակցության հուշագիրը կնքվել է դեռևս 1997թ․։ Քննարկումներում դիտարկեցին նաև Սեն Ռաֆայել քաղաքի հետ թափոնների կառավարման և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը։
   Ճանաչողական այցի ժամանակ կարևորվել են համատեղ ծրագրերի իրականացումն ու փոխադարձ այցելությունների կազմակերպումը, ինչը նոր ազդակ կհաղորդի տարբեր ուղղություններով զարգացող բարեկամական հարաբերություններին։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-12 17:05:31