Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
01.06.2025

Այսօր մենք նշում ենք մեր տոնացույցի ամենաջերմ ու լուսավոր օրերից մեկը՝ հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության օրը, ուստի ամենաջերմ ու բարի ցանկություններով ուզում եմ շնորհավորել մանուկներին:
Սիրելի՛ երեխաներ, եղե՛ք առողջ ու երջանիկ, անհոգ և ուրախ, վայելե՛ք լուսաշող մանկության յուրաքանչյուր պահը և ձեր ժպիտներով լուսավորեք մոլորակը: Թող կյանքը ձեզ ժպտա հեքիաթային աշխարհի բոլոր վառ գույներով, մեծանաք խաղաղ և ապահով երկնքի տակ:
Իմ փոքրի՛կ բարեկամներ , ցանկանում եմ , որ դեռ մանկուց սովորեք այն կարևոր դասերը , որոնք հարգանքի, սիրո, ընկերասիրության, հայրենասիրության և աշխատասիրության մասին են, այն դասերը, որոնք ձեզ հետագայում օգնելու են լինել քաղաքավարի, պատասխանատու, նպատակասլաց և խոհեմ քաղաքացի:
Երեխաների պաշտպանության օրը յուրատեսակ ուղերձ է նաև ծնողներին, պատկան մարմիններին, հասարակությանը . յուրաքանչյուր օր երեխաների լավագույն շահի ապահովումը պետք է դառնա նրանց առնչվող գործողությունների և որոշումների գերակա նպատակը, յուրաքանչյուր օր մենք պետք է սատարենք նրանց, աջակցենք, ստեղծենք այն պայմաններն ու միջավայրը, որտեղ նրանք կարող են երազել, սավառնել, նպատակներ սահմանել, հավատալ իրենց ուժերին, զգալ իրենց պաշտպանված և ապահով:
Եկեք կարևորենք և գնահատենք երեխայի կրթությամբ, դաստիարակությամբ զբաղվող բոլոր օղակների պատասխանատու աշխատանքը, որն ուղղված է երեխաներին լավագույն արժեքներով դաստիարակելուն, որակյալ կրթությամբ ապահովելուն, սոցիալական խնդիրները հնարավորինս մեղմելուն. չէ՞ որ մենք այսօր վաղվա առողջ և ներդաշնակ հասարակության, ամուր և հզոր պետության հիմքներն են դնում:
Նորից շնորհավորելով երեխաների պաշտպանության օրվա առթիվ՝ մաղթում եմ նրանց անսպառ ժպիտ և առողջություն, ծնողներին՝ նրանց հաջողություններով բերկրանքի բազմաթիվ պահեր վայելելու հնարավորություններ...