Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

28.05.2025

   Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր՝ մայիսի 28-ին, մենք նշում ենք Հանրապետության տոնը, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս։
   Մեր բազմադարյա պատմության մեջ կան էջեր, շրջափուլեր, որոնք շրջադարձային և վճռական դեր ունեցան ոչ միայն տվյալ ժամանակահատվածի համար, այլ դարձան քաղաքական և ազգային նվիրական նպատակների իրականացման ճանապարհին աներևակայելի համախմբման, միասնական ջանքերի, անչափելի սխրանքների յուրատեսակ դաս ու ուղենիշ սերունդների համար։
   Դա եղել է մի ժամանակաշրջան, երբ խոշորագույն մարտահրավերների առջև կանգնած ժողովուրդը կարողացավ վերականգնել իր պետականությունը՝ ստեղծելով այն իրավական, մշակութային ու ազգային հիմքերը, որոնք այսօր էլ հանդիսանում են մեր ժողովրդի ինքնության կարևոր մասերը:
   Առաջին հանրապետության ծնունդը հայ ժողովրդի ֆիզիկական, բարոյական և հոգևոր ուժերի աներևակայելի միաձուլման արդյունքն էր՝ ի հեճուկս արտաքին սպառնալիքների, աշխարհաքաղաքական բարդ իրադարձությունների և արհավիրքների։
   Չնայած իր կարճատև գոյությանը՝ Առաջին հանրապետության ստեղծումը հայ ժողովրդի անսասան կամքի և անմնացորդ նվիրվածության դրսևորումն էր անկախության, ազատության գաղափարներին և արժեքներին, նաև սեփական ուժերին ապավինելու վստահությունը և անհնարինը հնարավոր դարձնելու հավատամքը։
   Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի հերոսամարտերը և Առաջին հանրապետության ստեղծումը հայ ժողովրդի զավակների՝ հայրենիքի ու սերունդների նկատմամբ անսահման պատասխանատվության վառ օրինակներ են, ուստի այսօր նաև հիշենք այն նվիրյալներին , ովքեր կանգնեցին պետականության վերականգնման կարևորագույն գործի ակունքներում, ոգեշնչեցին, հավատացին և    հավատացրին․․․
Հարգելի՛ հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս Հայոց պետականության վերածննդի օրվա առթիվ և մաղթում համերաշխություն , հավատ, կամք ու խոհեմություն․ թող հայրենաշեն բոլոր նախաձեռնությունները պսակվեն նվաճումներով ու հաղթանակներով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-30 10:04:43