Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի առթիվ
23.05.2025

Սիրելի՛ շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Վերջին դասի առթիվ։
Այսօր խորհրդանշական կերպով դուք հատում եք ձեր կյանքի կարևորագույն խաչմերուկներից մեկը՝ պատանեկությունից դեպի հասուն կյանք, երազանքների և նպատակների սահմանումից դեպի դրանց իրագործման դժվարին ու պատասխանատու ճանապարհ, կարևոր որոշումների կայացումից դեպի մարտահրավերներով լի ուղու հաղթահարում։
Սակայն լիահույս եմ, որ դպրոցական տարիներին ամբարած գիտելիքները, բանիմաց մանկավարժներից ձեզ փոխանցված մեծ ու փոքր դասերն այն առողջ սերմերն են, որոնք տալու են իրենց ցանկալի պտուղները, անսխալ ուղենիշ են դառնալու ձեզ համար կյանքի տարբեր խնդիրներ լուծելիս և լուսավոր ապագա կերտելիս։
Օրը կրկին առիթ է և հնարավորություն շնորհավորելու նաև ուսուցիչներին, կրթության գործի կազմակերպիչներին, երախտագիտության խոսքեր հղելու նրանց՝ այս սերնդին ևս կայուն գիտելիքներով զինելու, լավագույն արժեքներով դաստիարակելու, թռիչքի թևեր տալու համար, իրենց վստահված աշխատանքում ներդրած ջանքերի, սիրո, նվիրվածության համար։
Սիրելի՛ շրջանավարտներ, հավատացե՛ք, որ դուք եք բոլոր ոլորտներում ապագայի հաղթանակները կերտողները, դուք եք մեր պետության և հասարակության ակնկալիքներն ու սպասումներն իրականացնողները, հետևաբար շարունակե՛ք հարստացնել ձեր գիտելիքները, կատարելագործել հմտություններ, եղե՛ք լայնախոհ և նպատակասլաց, աշխատասեր և նորարար։
Սիրելի՛ շրջանավարտներ, այսօր վերջին դասն է, բայց կյանքը յուրաքանչյուր օր դասեր է տալիս։ Մաղթում եմ, որ այդ դասերից կարևորագույնները երբեք չմոռանաք՝ սեր առ գիտելիք ու աշխատանք, սեր հայրենիքի, ազգի, ընտանիքի և միմյանց հանդեպ։