Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում Հորբատեղի բնակիչների հետ
23.05.2025
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորած աշխատանքային խմբի այցելությունները բնակավայրեր կրում են շարունակական բնույթ․ այս անգամ Եղեգիս համայնքի Հորբատեղ բնակավայրի խնդիրներն ու բնակիչներին հուզող հարցերն էին դիտարկման կենտրոնում։
Առաջնային համարելով բնակիչների հետ անհատական և ուղիղ շփումները՝ բակային այցելությունների ժամանակ մարզպետը բնակիչների հետ զրուցել է նրանց առօրյայի, զբաղվածության, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման, մտահոգող խնդիրների մասին։
Այնուհետև բնակավայրի վարչական շենքում մարզպետը, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները, Եղեգիս համայնքի ներկայացուցիչները բնակիչների հետ ընդլայնված հանդիպման ժամանակ քննարկել են մի շարք հարցեր։
Մարզպետ Կոլյա Միքաելյանը նշել է , որ բնակավայր այցի նպատակն է բնակիչներին մտահոգող հարցերին տեղում ծանոթանալուն և բնակավայրում առկա խնդիրները դիտարկելուն զուգահեռ ներկայացնել՝ ՀՀ կառավարության կողմից ինչ առաջնահերթություններ են սահմանված տարբեր ոլորտներում։
Եղեգիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանը ևս կարևորել է մարզպետի շարունակական այս նախաձեռնությունը, այն է՝ բնակիչների հետ բնակավայրում համատեղ քննարկել խնդիրները և դրանց լուծման տարբերակները։
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները ներկայացրել են կրթության ոլորտի բարեփոխումներին, այդ թվում նաև դպրոցաշինությանը , գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերին, նաև գյուղոլորտի ապահովագրությանը, առողջապահական և սոցիալական բնույթի հարցերին առնչվող մի շարք տեղեկություններ։
Անդրադարձել են սուբվենցիոն, քաղաքաշինական ծրագրերին, այդ թվում շինությունների կառուցման ընթացակարգերին, ՏԻՄ ոլորտին վերաբերող մի շարք գործընթացների, մասնավորապես վարչական ղեկավարի, ավագանու անդամի, բնակչի կապի ամրապնդման հարցերին:
Հանդիպման ընթացքում բնակիչները պատկան մարմիններին ուղղել են հարցեր, որոնք առնչվում էին հանդամիջյան և ներբնակավայրային ճանապարհների բարեկարգմանը, փողոցային լուսավորության խափանումներին և որոշ բնակարանների վթարային լինելուն, բնակավայրում նախակրթարանի և խաղահրապարակի բացակայությանը և այլն
Ամփոփելով հանդիպումը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը նշել է, որ արձանագրված հարցերն իրենց իրավասությունների շրջանակներում հնարավորինս կստանան համապատասխան լուծումներ