Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում Թառաթումբ բնակավայրի բնակիչների հետ
19.05.2025
Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Եղեգիս համայնքի Թառաթումբ բնակավայրում հանդիպել են բնակիչների հետ։
Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի աշխատակազմի և Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները։
Մինչ այդ մարզպետ Կոլյա Միքաելյանը այցելել է մի շարք բնակիչների տներ, զրուցել նրանց հետ առօրյա խնդիրների, զբաղվածության ուղղությունների մասին, հորդորել առավել տեղեկացված լինել գյուղատնտեսության ոլորտի նորամուծությունների մասին, որպեսզի հնարավոր լինի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպել։
Այնուհետև բնակիչների հետ ընդլայնված հանդիպման ժամանակ ևս մարզպետը կարևորել է նրանց հետ ամիջական և ուղիղ շփումները, նրանց խնդիրներին տեղում ծանոթանալու և լուծումները համատեղ քննարկելու հանգամանքները՝ որոշ դեպքերում հաշվի առնելով տվյալ բնակավայրի առանձնահատկությունները։
Մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները ներկայացել են կրթական, առողջապահական, սոցիալական, քաղաքաշինական, գյուղատնտեսական ոլորտներում կատարված աշխատանքները, բարեփոխումները, պետական աջակցության ծրագրերը և այլն։
Անդրադարձել են նաև սուբվենցիոն ծրագրերին, զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարներին, տեղական ինքնակառավարման մարմինների և բնակիչների կապի արդյունավետության ապահովման խնդիրներին։
Հանդիպման ընթացքում բնակիչները պատկան մարմիններին ուղղել են հարցեր, որոնք առնչվում էին էլեկտրաէներգիայի մատակարարման, բնակավայրի գազիֆիկացման, ներբնակավայրային ճանապարհների բարեկարգման, պարարտանյութի ձեռքբերման խնդիրներին, մարդ-արջ կոնֆլիկտի հետևանքներին և այլն։
Մարզպետ Կոլյա Միքաելյանը, ամփոփելով հանդիպումը, նշել է , առանձնակի կարևորում է նաև բնակիչների իրազեկման մակարդակի բարձրացմանն ուղղված այսպիսի քննարկում-հանդիպումները, երբ բնակիչները տեղեկանում են՝ ինչ աշխատանքներ են տարվում, ինչ ծրագրեր են իրականացվում ՀՀ կառավարության կողմից, ինչ առաջնահերթություններ են սահմանված տարբեր ոլորտներում։