Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվ
18.05.2025

Թանգարանների հարգելի՛ աշխատակիցներ, շնորհավորում եմ ձեզ Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ։
Գրական-մշակութային, ազգային և համամարդկային արժեքների պահպանման և փոխանցման հոլովույթում անփոխարինելի են թանգարանների դերն ու նշանակությունը, և հաճախ նրանց միջոցով ենք արտահայտում մեր բացառիկ վերաբերմունքը մշակույթի նկատմամբ, գնահատում այն հոգևոր և նյութական արժեքները, որոնք ստեղծել ենք տարբեր ժամանակներում՝ արտահայտելով մեր հույզերն և զգացմունքները, կարողություններն ու հմտությունները:
Մշակույթի և մշակութային արժեքներ ստեղծողների հանդեպ հայ ժողովրդի ակնածանքը եղել և մնում է բնութագրող չափանիշը, բայց այսօր օրվա խորհրդին համահունչ մեկ անգամ ևս ընդգծենք ոչ միայն այդ արժեքները ստեղծողների, այլև դրանք պահպանողների և սերունդներին փոխանցողների, դրանց նկատմամբ սեր ու հետաքրքրություն առաջացնողների դերն ու առաքելությունը:
Թանգարաններն ինքնատիպ մշակութային կենտրոններ են, որտեղ կարծես ժամանակի սահմանները բեկվում են ներկայի մեջ, մարդուն համակում է մի այլ իրականությունում գտնվելու անսովոր զգացողություն:Թանգարաններն անցյալի և ներկայի միջև հոգևոր-մշակութային լեզվով երկխոսություն ծավալելու և աշխարհին ներկայանալու հրաշալի հարթակ են:
Ակնհայտ է և ողջունելի, որ թանգարաններն իրենց բուն առաքելությանը զուգահեռ՝ հավաքչություն, պահպանություն, հետազոտություն, ցուցադրություն և այլն, վերափոխվում են՝ դառնալով մշակութային հանգույցներ, որոնք ավելի նորարար են, ինտերակտիվ , ճկուն և ներկայացնում են իրենց աշխատանքն ավանդական մոտեցումների և նոր հնարավորությունների ներդաշնակ համադրմամբ:
Թանգարանների հարգելի՛ աշխատակիցներ, կրկին շնորհավորում եմ ձեզ Թանգարանների միջազգային օրվա առթիվ, ցանկանում աշխատանքային նոր ձեռքբերումներ և հաջողություններ գեղեցիկ գաղափարների և նախաձեռնությունների իրականացման ճանապարհին, թող թանգարանները նաև ձեր ստեղծագործ աշխատանքի և նվիրման արդյունքում լինեն մշակութային այն ջերմ և ու գրավիչ օջախները , որոնք մշտապես լի կլինեն այցելուներով: