Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ
16.05.2025

Մայիսի 16-ը Հայաստանում նշվում է որպես ուսանողների և երիտասարդների օր՝ պայմանավորված Երևանի պետական համալսարանի հիմադրման օրով։
Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ և խորհրդանշական օրվա կապակցությամբ։
Այսօր մենք մեկ անգամ ևս փաստում ենք, որ յուրաքանչյուր երկրի, հասարակության կայուն առաջընթացի և զարգացման հիմնաքարը դուք եք, ձեր ձեռքբերումներն ու հաջողություններն են այն գրավականները, որոնց վրա պետք է ամուր խարսխվեն պետության հիմնասյուները։ Ձեր նվաճումներն ու հաղթանակներն են վստահություն ու լավատեսություն ներշնչում վաղվա ապագայի հանդեպ։
Ձեռք բերելով մասնագիտություն, գիտելիք և հմտություն՝ եղե՛ք նպատակասլաց և նախաձեռնող, նորարար և ստեղծարար, համակե՛ք երիտասարդական ավյունով ձեր շրջապատը, ձեր մտքի և երևակայության ուժով բացահայտե՛ք գիտելիքի հզոր աշխարհը և ունեցե՛ք ձեր ներդրումը նաև երկրի հզորացման և շենացման գործում։
Մարտահրավերներին դիմագրավելու ձեր վճռականությամբ, խոչընդոտները հաղթահարելը որպես տրված նոր հնարավորություն դիտարկելու գիտակցությամբ նվաճե՛ք գիտելիքի հորիզոնները, նորից ու նորից ապացուցե՛ք , որ գիտելիքն է ամենահզոր զենքը և ուժը։
Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ, վստահ քայլե՛ք ձեր ընտրած ճանապարհով, հետևողական ջանքերով հարստացրե՛ք ձեր գիտելիքները, կատարելագործե՛ք հմտությունները։
Կրկին շնորհավորելով օրվա առթիվ՝ մաղթում եմ , որ է՛լ ավելի ընդգրկվեք հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, ավելի ընդլայնեք ձեր դերակատարությունը տարբեր գործընթացներում և չդադարեք մեզ զարմանքի և հիացմունքի պահեր պարգևել ձեր գաղափարներով և հաղթանակներով։