Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունել է ՀՀ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին
14.05.2025
Մայիսի 13-ին Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
Մարզպետը շնորհակալություն է հայտնել դեսպանին կրկին Վայոց ձորի մարզ այցելելու համար՝ շեշտադրելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև ընդհանուր արժեքների վրա հիմնված և տարբեր ոլորտներում զարգացող հարաբերությունների համատեքստում նաև ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները և ակնկալվող արդյունքները։
Կոլյա Միքաելյանը անդրադարձել է վերջին տարիներին մարզում ֆրանսիական տարբեր քաղաքների հետ ձևավորված կարևոր և խորհրդանշական կապերին, ընդհանրություններին, դրանք ամրապնդելու և զարգացնելու հնարավորություններին։
Դեսպանը ևս շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ նշելով , որ երկու ժողովուրդների միջև տարբեր մակարդակներում կապերը հիմք են հանդիսանում դրանց ընդլայման և զարգացման համար, օրինակ՝ գինեգործության ոլորտում զարգացող հարաբերություններում նաև անհատ ներդրողների ներգրավում, ապակենտրոնացված համագործակցությունների ակտիվացմանն ուղղված ծրագրերի իրականացում և այլն։
Անդրադարձ է կատարվել նաև ԵՄ դիտորդական առաքելության ներկայությանը, ԼՂ բռնի տեղահանված անձանց աջակցությանը, կրթական , մշակութային, առողջապահական, գյուղատնտեսական, զբոսաշրջային ոլորտներին առնչվող մի շարք հարցերի։
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը հույս են հայտնել , որ գոյություն ունեցող կապերը կարող են և պետք է վերստին զարգանան նոր գաղափարներով, փոխադարձ այցելություններով և համատեղ նախաձեռնություններով, ինչը կնպաստի համայնքների միջև առարկայական գործընկերության ձևավորմանը։