Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում Գետափ բնակավայրում
09.05.2025
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորած աշխատանքային խմբի այցելությունները բնակավայրեր կրում են շարունակական բնույթ․ այս անգամ Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի խնդիրներն ու բնակիչներին հուզող հարցերն էին դիտարկման կենտրոնում։
Կարևոր և առաջնային համարելով քաղաքացիների հետ անհատական և ուղիղ շփումները՝ մարզպետը կատարել է չնախատեսված այցեր բնակիչների բակեր, զրուցել նրանց հետ առօրյա խնդիրների և մտահոգությունների մասին, լսել նրանց առաջարկները: Հարցերը վերաբերել են փողոցային լուսավորությանը, էլեկտրաէներգիայի տատանումներին, ջրահեռացման համակարգին, բնակավայրով անցնող հանրապետական ճանապարհի անցումների ոչ բավարար լուսավորությանը և այլն:
Այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված ձևաչափով հանդիպում բնակավայրի բնակիչների հետ, որին մասնակցել են մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները։
Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը նշել է , որ բնակավայր այցի նպատակն է բնակիչներին մտահոգող հարցերին տեղում ծանոթանալուն և բնակավայրում առկա խնդիրները դիտարկելուն զուգահեռ ներկայացնել, թե ինչ է արվել և ինչ է նախատեսվում իրականացնել ինչպես համայնքում, այնպես էլ Վայոց ձորի մարզում ընդհանրապես, միաժամանակ իրազեկել ՀՀ կառավարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի մասին։
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները ներկայացրել են կրթության ոլորտի բարեփոխումներին, այդ թվում նաև դպրոցաշինությանը , գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերին, առողջապահական և սոցիալական բնույթի հարցերին առնչվող մի շարք տեղեկություններ, անդրադարձել են սուբվենցիոն, քաղաքաշինական ծրագրերին, ՏԻՄ ոլորտին վերաբերող մի շարք գործընթացների:
Բնակիչները հարցեր են ուղղել պատկան մարմիններին, որոնք վերաբերել են էլեկտրական հովիվների ձեռքբերմանը, արջի պատճառած վնասներին, ներբնակավայրային ճանապարհների բարեկարգմանը, բնակավայրի ԲՄԿ-ի՝ շենքի երկրորդ հարկում տեղակայվելու պատճառով անհարմարություններին, ոռոգման սեզոնի մեկնարկին, նոր սերնդի գյուղտեխնիկայիձեռքբերմանը:
Ամփոփելով հանդիպումը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը նշել է, որ արձանագրված հարցերն իրենց իրավասությունների շրջանակներում հնարավորինս կստանան համապատասխան լուծումներ: