Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա առթիվ
08.05.2025

Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր՝ մայիսի 8-ին, նշում ենք Երկրապահի օրը։
Օրը առիթ է նորից վերարժևորելու այն անուրանալի ավանդը, որ ունեցել է երկրապահ կամավորական շարժումը հայրենի հողի պաշտպանության, անկախության կերտման և պահպանման , երիտասարդ սերունդների շրջանում հայրենասիրական արժեքներ սերմանելու գործում։
Երկրապահ կամավորներն իրենց լեգենդար կերպարներով, հայրենիքի պաշտպանության գործին անմնացորդ նվիրվելու վճռականությամբ, երկիրը անվերապահորեն սիրելու բարձր գիտակցմամբ բացառիկ դեր են ունեցել բանակաշինության, նորանկախ պետության հիմքերի ամրապնդման հարցում։
Երկրապահ լինելը մեծ ու պարտավորեցնող խորհուրդ ունի․ այո՛, երկիրը պահել և պաշտպանել, կռիվ տալ նրա համար ու , ցավոք, երբեմն նաև արյան գնով․․․ Խոնարհումս հայրենիքի համար նահատակված երկրապահներին, հավերժ փառք նրանց հիշատակին։
Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել Երկրապահ կամավորականների միությանը` զոհված և վիրավոր ընկերների ընտանիքներին նեցուկ լինելու, երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ջանքեր ներդնելու, կենսափորձով և գիտելիքներով մեր պետությանն ու հասարակությանը սատար լինել համար։
Հարգելի՛ երկրապահներ, ձեր կերպարը եղել և մնում է հայրենիքի համար կամավոր պայքարողի , հայրենիքի համար օրհասական պահերին բացառիկ համախմբվածություն և միասնականություն, անսասան կամք ու տոկունություն ցուցաբերողի ամենավառ օրինակը։
Մեկ անգամ ևս շնորհավորելով բացառիկ խորհուրդ ունեցող օրվա առթիվ՝ մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին ու ողջ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն։