Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են բնակավայրի ոռոգման ջրին առնչվող հարցեր
07.05.2025
Մայիսի 6-ին Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի և <<Եղեգնաձոր>> ջրօգտագործողների ընկերություն գործադիր տնօրեն Հազարապետ Նազարյանի հետ այցելեց Խաչիկ բնակավայր՝ բնակիչների հետ քննարկելու ոռոգման ջրի հետ կապված խնդիրները։
Բնակավայր ոռոգման ջուրը հասցվում էր համապատասխան խողովակաշարերի միջոցով, սակայն բարձր ճնշման պատճառով հաճախ վնասվում են դրանք, և հնարավոր չի լինում լիարժեք մատակարարել ոռոգման ջուրը Խաչիկ բնակավայր։
Նախագիծ կա, որը կլուծի հետագայում խնդիրը, բայց մինչ այդ անհրաժեշտ է ձեռնարկել քայլեր բնակավայրում գյուղատնտեսական աշխատանքների պատշաճ ապահովման համար։
Որպես այլընտրանքային տարբերակ՝ քննարկվեց Խաչիկ բնակավայրի հարակից տարածքների աղբյուրների ակունքների ուսումնասիրման և ոռոգման ցանցի կառուցման հնարավորությունը։
Վայոց ձորի մարզպետը բնակիչներին ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից տարբեր ոլորտներում իրականացրած և իրականացվող ծրագրերը, հիմնական ուղղությունները, պետական աջակցության ծրագրերը։
Բնակիչները բարձրացրին իրենց մտահոգող հարցերը, որոնք վերաբերում էին դեպի բնակավայր տանող ճանապարհի բարեկարգմանը, խմելու ջրին, էլեկտրաէներգիայի խափանումներին և այլն։
Բարձրացված հարցերին տրվեցին պատասխաններ, որոշ հարցեր էլ արձանագրվեցին հետագա դիտարկման համար։