Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Իրանական մշակութային փառատոն և ձեռարվեստի ու արտադրանքների տեսականու ցուցահանդես-վաճառք Վայոց ձորում
04.05.2025
Մայիսի 3-ին Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի և ԻԻՀ գլխավոր հյուպատոսության համատեղ ջանքերով կազմակերպվել էր իրանական մշակութային փառատոն, իրանական ձեռարվեստի և արտադրանքների տեսականու ցուցահանդես-վաճառք։
Միջոցառման շրջանակում Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունել է Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին, Արևելյան Ատրպատական նահանգի պատվիրակությանը՝ ի դեմս նահանգապետի առաջին տեղակալ Ռահիմ Ղասեմ Զադեի։
Ողջունելով հյուրերին և միջոցառման բոլոր մասնակիցներին՝ նա բարձր է գնահատել այն բոլոր ջանքները, որոնք ներդրվել են այս գեղեցիկ և կարևոր միջոցառման կազմակերպման համար․ այն ուղղված է բարեկամության և համագործակցության խորացմանը, միաժամանակ սա երկխոսության և տնտեսական համագործակցության մի նոր հարթակ է և հրաշալի հնարավորություն՝ ծանոթանալու իրանական մշակույթին, արտադրանքին և ստեղծագործ մտքին։
Արևելյան Ատրպատականի պատվիրակության ներկայացուցիչները ևս կարևորել են Հայաստանի և Իրանի ժողովուրդների բարեկամական հարաբերությունների զարգացումը, որը ընդգրկում է տարբեր ոլորտներ և տարբեր ձևաչափեր։Ներկաները դիտել են իրանական մշակույթը ներկայացնող գեղարվեստական կատարումներ, շրջել տաղավարներով՝ ծանոթանալով իրանական արտադրանքին։
Այնուհետև Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում երկու կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Մարզպետը նշել է , որ նմանատիպ միջոցառումները և հանդիպումները տարածաշրջանային կապերը ամրապնդելու, միմյանց հնարավորությունները բացահայտելու և համատեղ ծրագրեր նախանշելու գրավական են։
Նահանգապետի առաջին տեղակալ Ռահիմ Ղասեմ Զադեն շեշտադրել է տնտեսական, առևտրային հարաբերությունների զարգացման հնարավորությունը, ինչպես նաև զբոսաշրջության, կրթության, առողջապահության, գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում համագործակցության հեռանկարները։
Հանդիպման ավարտին երկու կողմերը հայտնել են պատմականորեն ամուր հիմքերի վրա կառուցված հարաբերությունների ընդլայնմանը, ամրապնդմանը և զարգացմանը միտված երկուստեք փոխշահավետ առաջարկներ անելու , նոր գաղափարներ ներկայացնելու և դրանք կյանքի կոչելու պատրաստակամության մասին։