Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետը հյուրընկալել էր հաջողություններ գրանցած մի խումբ դպրոցականների
03.05.2025
Մայիսի 2-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն հյուրընկալել էր Հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպարտակիադայի բազկամարտ և հրաձգություն մարզաձևերի եզրափակիչ փուլում 1-ին տեղը գրաված աշակերտուհիներ Գոհար Մելքոնյանին / Եղեգնաձորի Հովհ․ Հովհաննիսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց/ և Մարինե Մկրտչյանին /Արենիի միջնակարգ դպրոց/ , դպրոցականների առարկայական օլիմպիադայի եզրափակիչ փուլում աշխարհագրություն առարկայից 3-րդ տեղը գրաված Գնդեվազի միջնակարգ դպրոցի աշակերտ Տիգրան Մարգարյանին, ֆրանսերեն առարկայից 3-րդ տեղը գրաված Եղեգնաձորի վարժարանի 12-րդ դասարանի աշակերտուհի Անի Բաբայանին, ինչպես նաև հայ գրականություն և ՆԶՊ առարկաներից գովասանագրերի արժանացած Նանե Գևորգյանին /Հերհերի միջնակարգ դպրոց/ և Սաթենիկ Հայրապետյանին /Չիվայի միջնակարգ դպրոց/։
Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի ոլորտի պատասխանատուները, իսկ աշակերտներին ուղեկցել են դպրոցների տնօրենները։
Մարզպետը շնորհակալություն է հայտնել աշակերտներին ձեռքբերումների համար, զրուցել նրանց հետ մի շարք հարցերի շուրջ՝ մասնագիտական կողմնորոշում , հաջողությունների հասնելու գրավականներ, դժվարությունների հաղթահարում, նպատակասլացություն, աշակերտների հետաքրքրությունների շրջանակ, զբաղվածություն և այլն։
Դպրոցների տնօրենների հետ քննարկել են կրթության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես օլիմպիադաներում աշակերտների ներգրավվածության մեծացում և հավասար պայմանների ապահովում, ֆիզիկական դաստիարակության դրվածքը դպրոցներում և առկա նյութատեխնիկական հնարավորությունների ազդեցությունը դրա վրա, աշակերտների բազմակողմանի զարգացվածությանը նպաստող նախադրյալների ապահովում, մանկավարժի մասնագիտության նկատմամբ դպրոցականների շրջանում հետաքրքրվածության խթանում և այլն։
Ներկաները փաստել են , որ դպրոցականների շրջանում անցկացվող մարզական միջոցառումների մասշտաբների ընդլայնումը հնարավորություն է տալիս նրանց լիարժեք դրսևորել իրենց ներուժը և հետաքրքրությունները, և հաճախ ոչ բավարար պայմաններն անգամ խոչընդոտ չեն հանդիսանում բարձր արդյունքներ գրանցելու համար։
Հանդիպման ավարտին Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը շնորհակալագրեր է հանձնել մարզական հաջողություններ գրանցած դպրոցականներին՝ Վայոց ձորի մարզը լավագույնս ներկայացնելու, իսկ առարկայական օլիմպիադայի եզրափակիչ փուլում բարձր արդյունքներ ապահոված աշակերտներին՝ կայուն գիտելիքներ դրսևորելու համար։