Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում Աղնջաձոր բնակավայրի բնակիչների հետ
28.04.2025
Բնակիչների խնդիրները տեղում դիտարկելու, նրանց մտահոգող հարցերը տեղում արձանագրելու նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորած աշխատանքային խմբի այցելությունները կրում են շարունակական բնույթ․ հերթական կանգառը Եղեգիս համայնքի Աղնջաձոր բնակավայրն էր։
Արդեն ավանդական դարձած ձևաչափի համաձայն՝ մարզպետ Կոլյա Միքաելյանը նախ այցելել է մի քանի բնակիչների տներ, զրուցել նրանց հետ բնակավայրում առկա խնդիրների, զբաղվածության, նրանց հոգսերի, այլ հարցերի վերաբերյալ, ապա ավելի ընդլայնված կերպով հանդիպել բնակիչների հետ։
Հանդիպում-քննարկմանը մասնակցել են նաև Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները, Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները։
Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, ողջունելով ներկաներին, նշել է , որ Աղնջաձոր բնակավայր այցի նպատակն է բնակիչներին մտահոգող հարցերին տեղում ծանոթանալուն և բնակավայրում առկա խնդիրները դիտարկելուն զուգահեռ ներկայացնել, թե ինչ է արվել և ինչ է նախատեսվում իրականացնել ինչպես Աղնջաձոր բնակավայրում, այնպես էլ Եղեգիս համայնքում և ՀՀ Վայոց ձորի մարզում ընդհանրապես, միաժամանակ իրազեկել ՀՀ կառավարության կողմից տարբեր ոլորտներում մշակված և գործող աջակցության ծրագրերի մասին։
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները ներկայացրել են առողջապահական, սոցիալական, գյուղատնտեսական, քաղաքաշինական, ենթակառուցվածքների կառավարման բնագավառներին առնչվող մի շարք տեղեկություններ, անդրադարձել են նաև սուբվենցիոն ծրագրերին, համայնքի զբոսաշրջային ռեսուրսների զարգացման հեռանկարներին, համայնքների համաչափ զարգացմանն ուղղված այլ խնդիրների։
Բնակիչները հարցեր են ուղղել պատկան մարմիններին, ստացել պարզաբանումներ, մի շարք հարցեր էլ արձանագրվել են հետագա դիտարկման համար։
Ամփոփելով հանդիպումը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը նշել է, որ նման այցերը կրելու են շարունակական բնույթ, և բնակիչների խնդիրները լինելու են իրենց մշտական ուշադրության և հոգածության կենտրոնում։