Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Մոնիկա Սանդրիին
25.04.2025
Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանն ապրիլի 23-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Մոնիկա Սանդրիին։
Ա․Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից ՀՀ Վայոց ձորի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի համար, այնուհետև ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության շրջանում կատարված աշխատանքների հիմնական ուղղությունները, առկա խնդիրները և տրված լուծումները։
Մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վ․ Ասլանյանը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության սոցիալական վիճակի, զբաղվածության հարցերին, սոցիալական, առողջապահության և կրթության բնագավառում կատարված աշխատանքներին:
Մոնիկա Սանդրին ևս շնորհակալություն է հայտնել հյուրընկալության և համագործակցության համար ու ներկայացրել այն հիմնական ուղղությունները և սկզբունքները, որով առաջնորդվում են ծրագրեր իրականացնելիս և գործունեություն ծավալելիս։ Նա հետաքրքրվել է տեղահանված բնակչության առողջապահական, կրթական ծրագրերից օգտվելու հնարավորությունների մասին:
Մոնիկա Սանդրին տեղեկացրել է, որ ՄԱԿ ՓԳՀ-ն մարդասիրական օգնությունից անցում է կատարելու զարգացման երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը։ Կազմակերպությունը շեշտը դնելու է համայնքների հզորացման վրա, որի արդյունքում բարեկեցիկ կդառնա նաև տեղահանված բնակչությունը, և ավելի հաստատուն կլինեն տեղահանվածների ինտեգրումն ու ու ներառումը:
Այնուհետև քննարկվել են հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր և ընդհանուր մոտեցումներ, որոնք աջակցության ծրագրերն առավել արդյունավետ ու հասցեական կդարձնեն։