Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը հյուրընկալել է Քարդ հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանին
03.03.2025
Փետրվարի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը հյուրընկալել է Քարդ (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանին:
Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը (CARD) հայկական հիմնադրամ է, որը հիմնադրվել է 2005 թվականին որպես ԱՄՆ կառավարության կողմից 1993-1996թթ․-ին Հայաստանում իրականացվող գյուղատնտեսական խորհրդատվական ծրագրի, ինչպես նաև 1996-2005թթ․-ին ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Մարքեթինգի աջակցության ծրագրի (ԱՄՆ ԳԴ-ՄԱԾ) իրավահաջորդ:
CARD-ը նախագծում և իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնք միտված են աջակցել ֆերմերներին և ագրոբիզնեսներին սննդամթերքի և հարակից ապրանքների արտադրության և իրացման ոլորտներում` եկամուտների ավելացման և աշխատատեղերի ստեղծման նպատակով՝ դրանով իսկ նպաստելով գյուղական բնակչության կայուն կենսամակարդակի ապահովմանը:
Մարզպետը նշեց , որ քաջատեղյակ են հիմնադրամի գործունեությունից, և մասնավորապես բարձր է գնահատում 2024 թվականին Ավստրիական զարգացման գործակալության << Կենդանիների համարակալում և հաշվառում >> ծրագրի շրջանակներում Քարդ (CARD) հիմնադրամի միջոցով և սեփականատիրոջ համաֆինանսավորմամբ Վայոց ձորի Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրում սպանդանոցի կառուցմանն ուղղված ջանքերը:
Գագիկ Սարդարյանն ընդհանուր գծերով խոսեց հիմնադրամի գործունեության մասին, ապա առավել մանրամասն մարզպետի հետ քննարկեցին սպանդանոցների գործունեության առանձնահատկություններին վերաբերող մի շարք խնդիրներ, ներկայացվեց ավստրիական փորձը:
Քննարկումներում կարևորվեցին մի շարք հարցեր, որոնց կառուցողական և ճկուն մոտեցումներով լուծումները կնպաստեն սպանդանոցների գործունեության արդյունավետության բարձրացմանը, մատուցվող ծառայությունների ընդլայնմանը, ֆերմերների շահագրգռվածության մեծացմանը և այլն:
Քարդ(CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը պատրաստակամություն հայտնեց նոր համագործակցությունների համար, իսկ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը ընդգծեց, որ բաց են այն նախաձեռնություններին աջակցելու հարցում, որոնք կխթանեն մարզի տնտեսության զարգացմանը և կնպաստեն առաջընթացի ապահովմանը:






