Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունել է Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին
29.01.2025
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունել է Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին։ Հանդիպման նպատակն էր քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող և համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։
Մարզպետ Կոլյա Միքաելյանն անդրադարձել է Հայաստանի և Իրանի միջև պատմական, մշակութային և հարևանության կապերի վրա հիմնված բազմաշերտ համագործակցության և տարածաշրջանում տնտեսական, քաղաքական, դիվանագիտական, էներգետիկ և այլ ուղղություններով զարգացումների համատեքստում երկու երկրների հարաբերությունների կարևորության խնդիրներին։
Կոլյա Միքաելյանը նշել է, որ վերջին տարիներին համագործակցության շրջանակներ են ձևավորվել Վայոց ձորի (Հայաստան) և Արևմտյան Ատրպատականի (Իրան) միջև՝ պայմանավորված երկու տարածաշրջանների մշակութային, տնտեսական և պատմական կապերով և հույս է հայտնել, որ առկա ներուժն ու հնարավորությունները կարևոր նախադրյալներ են իրականացնելու մի շարք ծրագրեր՝ նպաստելով գործարար համայնքների միջև կապերի աշխուժացմանը, մշակութային երկխոսության ընդլայնմանը, զբոսաշրջային հոսքերի ավելացմանը և այլն։
Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը նույնպես բարձր է գնահատել Հայաստանի և Իրանի միջև ներկայիս հարաբերությունների մակարդակը՝ կարևորելով գոյություն ունեցող բարեկամության և կատարված աշխատանքների շնորհիվ ստեղծված համագործակցության բոլոր հիմքերը, որոնք հնարավորություն են տալիս ընդլայնել իրականացվող ծրագրերի աշխարհագրությունը՝ ներառելով համագործակցության նոր ուղղություններ:
Հյուպատոսը ընդգծել է հատկապես առևտրատնտեսական, մարզական-մշակութային, առողջապահական, գյուղատնտեսական, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության, համատեղ միջոցառումների իրականացման ներուժի առկայության հանգամանքը։
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը հայտնել են ամուր հիմքերի վրա խարսխված հարաբերությունների ընդլայնմանը, ամրապնդմանը և զարգացմանը միտված երկուստեք փոխշահավետ քայլեր անելու, նոր գաղափարներ և առաջարկներ քննարկելու և դրանք կյանքի կոչելու պատրաստակամության մասին՝ ի բարօրություն երկու բարեկամ ժողովուրդների։
Այնուհետև հյուպատոսը Ջերմուկում հանդիպել է համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի հետ, քննարկել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այցելել <<Ջերմուկ գրուպ>> հանքային ջրերի գործարան։