Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի է ունեցել Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի կազմկոմիտեի նիստը
13.01.2025
ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանում հունվարի 10–ին տեղի է ունեցել Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի կազմկոմիտեի նիստը։
Նիստին մասնակցում էին ՀԽՀԿ գործկոմի նախագահ Իշխան Զաքարյանը, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը, ինչպես նաև Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի, Ջերմուկի համայնքապետարանի, խաղերի կազմկոմիտեի և ՀՀ ՆԳՆ ներկայացուցիչները։
Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի կազմկոմիտեի նիստի ժամանակ քննարկվել են խաղերի նախապատրաստման, կազմակերպման և անցկացման վերաբերյալ օրակարգային և ընթացիկ հարցեր, նշանակվել են լուսաբանման, արարողակարգի, մրցավարական հանձնաժողովի, սպորտային միջոցառումների, անվտանգության, հյուրանոցների տեղավորման, սննդի կազմակերպման, տեխնիկական հարցերի և տրանսպորտի պատասխանատուները։
Այնուհետև նիստի մասնակիցները այցելել են խաղերի բացման համար նախատեսված վայր, որտեղ քննարկվել են մի շարք հարցեր ևս՝ ձմեռային մարզաձևերի անցկացման ենթակառուցվածքների տեխնիկական վիճակը (ճոպանուղի, վազքուղիներ, սահադաշտ և այլն), հյուրանոցային և հյուրատնային ծառայությունների հնարավորությունները և այլն։
Տրվել են համապատասխան հանձնարարականներ Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի նախապատրաստական և անցկացման աշխատանքները պատշաճ կերպով կազմակերպելու համար։