Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի հերթական նիստը
20.12.2024
Դեկտեմբերի 18-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետ Կոլյա Միքաելյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի հերթական՝ 4-րդ նիստը, որին մասնակցում էին մարզի խորհրդի անդամներ, ուժային կառույցների, տեսչական մարմինների տարածքային կառույցների ղեկավարներ, մարզի բուժհաստատությունների ղեկավարներ, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ։
ՀՀ պետական օրհներգից հետո մարզի խորհրդի նախագահ, մարզպետ Կոլյա Միքաելյանը ներկայացրեց օրակարգի նախագիծը, որը հաստատվեց միաձայն։ Օրակարգում ներառված 13 հարցերը վերաբերում էին տարբեր ոլորտների՝ կրթություն, առողջապահություն և սոցիալական հարցեր, գյուղատնտեսություն և շրջակա միջավայրի պահպանություն, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցեր, սուբվենցիոն և զբոսաշրջային ներդրումային ծրագրեր, համայնքներում 2024 թվականի ընթացքում հավաքագրված սեփական եկամուտների ընթացք, քաղաքաշինական և ենթակառուցվածքների կառավարման հարցեր։
Մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները ներկայացրին կատարված աշխատանքների ամփոփ պատկերը, վեր հանված խնդիրները, լուծման ուղղությամբ կատարված աշխատանքները, 2025 թվականին նախատեսված անելիքների շրջանակները։
Օրակարգի վերջին հարցերը վերաբերում էին համայնքներում 2024 թվականին կատարված և 2025 թվականին նախատեսվող աշխատանքներին, որոնք ընդհանուր գծերով ներկայացրին համայնքի ղեկավարները կամ համայնքապետարանների ներկայացուցիչները։
Զեկույցների շուրջ ծավալվել են հարց ու պատասխան, տրվել համապատասխան հանձնարարականներ։ Ի թիվս բազմաթիվ խնդիրների՝ անդրադարձել են նաև համայնքների վարչական տարածքներում, միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների եզրերին և մայթերին առկա շահագործումից դուրս եկած տրանսպորտային միջոցների՝ խոտանված մեքենաների, շինարարական ու այլ նյութերի (աղբի) արձանագրման եվ հեռացման գործընթացի վերահսկման, Վայոց ձորի մարզում առկա ճանապարհներին հարակից մայթերի վրա եվ մայթերին անմիջապես կից կառուցված ավտոլվացման՝ «Լվա ինքդ» կետերի գործունեության օրինականության դիտարկման, սուբվենցիոն ծրագրեր կազմելիս բնակիչների շահի առաջնահերթության , զբոսաշրջային ներուժի արդյունավետ օգտագործման և գրավչությունների ընդլայնման, որոշ հարկատեսակների ուղղությամբ սեփական եկամուտների հավաքագրման տեմպերի բարելավման, աղբահանության և աղբավայրի շահագործման, վարչական ղեկավարների և ավագանու աշխատանքների արդյունավետ կազմակերպման, 2025 թվականին խաղողի մթերման գործընթացի սահուն կազմակերպման և այլ հարցերի։
Քննարկումներում կարևորվել են խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների հետևողականությունը, ժամկետների պահպանումը, վերահսկողության մեխանիզմների կիրառումը, պատասխանատու տարբեր օղակների համագործակցված աշխատանքը, համակարգային լուծումները գտնելը։
Ամփոփելով ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը՝ մարզի խորհրդի նախագահ, մարզպետ Կոլյա Միքաելյանը մաղթեց բոլորին հաջորդ տարում աշխատանքային նոր հաջողություններ և ձեռքբերումներ, կառուցողական և արդյունավետ մոտեցումներով գործունեություն՝ ի նպաստ մարզի զարգացման և առաջընթացի։