Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի ուղերձը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ
03.12.2024
Հարգելի՛ հայրենակիցներ, դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է։ Այն ուղերձ է հանրությանը, պետությանը և անհատին․ հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր անձ իրավունք ունի համընդհանուր ներառման, ինչպես նաև լիարժեք կերպով և հավասար սկզբունքներով ընդգրկվելու կյանքի բոլոր ոլորտներում։
Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցելն ու սատարելը, նրանց համար արժանապատիվ կենսապայմաններ ապահովելը, իրավունքները պաշտպանելը պետք է լինեն պատկան կառույցների աշխատանքի անբաժանելի մասը, նրանց նկատմամբ հոգածություն ցուցաբերելը՝ յուրաքանչյուրիս բարոյական պարտականությունը։
Պետական կառավարման և տեղական կառավարման մարմինների՝ համապատասխան գործառույթներ իրականացնող օղակների ուշադրության կենտրոնում են խոցելի խմբերի խնդիրները, նրանց լուծմանն և հասարակության լիարժեք ինտեգրմանն ուղղված քայլերն ու ծրագրերը՝ առանցքային և առաջնահերթ։
Կատարվել և կատարվում են մեծածավալ և բազմաբնույթ աշխատանքներ, սակայն կան բավականին անելիքներ՝ կենսապահովման պայմանների բարելավումից մինչև հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հասարակական ընկալումների կարծրատիպերի փոփոխությունը, հասարակության մեջ նրանց դերակատարման ընդլայնումից մինչև մատչելի հնարավորությունների ստեղծումը և այլն։
Այս խնդիրների լուծմանը հասնելու և նրանց հոգսերը թեթևացնելու համար պետք է միավորվեն բոլորիս ջանքերը տարբեր մակարդակներում և տարբեր ուղղություններով՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար արժանապատիվ և բարեկեցիկ կյանք ապահովելու, նրանց խնդիրները բարձրաձայնելու, շարունակական և հետևողական աշխատանքներ տանելու և կառուցողական լուծումներ գտնելու համար։