Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում-քննարկում ԼՂ-ից տեղահանված և Եղեգնաձորում բնակություն հաստատած անձանց հետ
26.11.2024
ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և Ազգային ժողովի պատգամավոր Տրդատ Սարգսյանը համատեղ ընդունեցին մի շարք քաղաքացիների։
Ընդունելության ժամանակ վերջիններս Վայոց ձորի մարզպետին և Ազգային ժողովի պատգամավորին ներկայացրին իրենց խնդիրները։ Դրանք արձանագրվեցին, և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին հանձնարարականներ՝ քաղաքացիների բարձրացրած խնդիրներին իրավասությունների շրջանակում լուծումներ տալու համար։
Այնուհետև Կոլյա Միքաելյանը և Տրդատ Սարգսյանը հանդիպում-քննարկում ունեցան ԼՂ-ից տեղահանված և Եղեգնաձոր բնակավայրում բնակություն հաստատած անձանց հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, գլխավոր քարտուղար Աղվան Հարությունյանը, առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վասիլ Ասլանյանը, ՄՍԾ Եղեգնաձորի տարածքային կենտրոնի տնօրեն Գրիգոր Գևորգյանը, Եղեգնաձորի համայնքապետարանից ներկայացուցիչներ։
Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը նշեց, որ տեղահանումից ի վեր մարզում բնակություն հաստատած անձանց խնդիրները պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների մշտական ուշադրության կենտրոնում են, դրանց լուծմանն ուղղված քայլերը՝ ամենօրյա աշխատանքի անբաժանելի մասը։ Նա կարևորեց բարձրացված խնդիրներին ոչ միայն անհատական, այլև առավել համակարգային լուծում տալու հարցը, ինչպես նաև տեղահանվածների կողմից նախաձեռնողականություն ցուցաբերելը։
Մեր հայրենակիցներին ներկայացվեցին բնակապահովման ծրագրերից օգտվելու ընթացքը, զբաղվածության և 2025 թվականի համար նախատեսվող սոցիալական աջակցության ծրագրերը։Նշվեց նաև, որ մարզից շուրջ 45 ընտանիք արդեն դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, 13 ուսուցիչ արդեն աշխատում են մարզի տարբեր դպրոցներում, նախատեսվում է առաջիկայում շրջիկ անձնագրային ծառայության այց մարզի բոլոր համայնքներ։
Հանդիպման ընթացքում ԼՂ-ից տեղահանված անձինք ներկայացրին իրենց մտահոգող հարցերը։ Պատկան մարմինների ներկայացուցիչները տվեցին պարզաբանումներ և անհրաժեշտ տեղեկատվություն բարձրացված հարցերի վերաբերյալ։