Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի մի շարք դպրոցներում կազմակերպվել են կրթամշակութային միջոցառումներ
22.11.2024
2024-2025 ուսումնական տարին որպես կրթամշակութային տարի դիտարկելու և դրա շրջանակներում մշակույթի և կրթության կապը ապահովող, բացահայտող, ամրապնդող տարաբնույթ միջոցառումների իրականացմանը միտված՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Վերնաշենի, Զեդեայի, Գնդեվազի, Գլաձորի, դպրոցներում կազմակերպվել են կրթադաստիարակչական, ճանաչողական, ոչ նյութական մշակութային արժեքների պահպանմանն ու տարածմանն ուղղված միջոցառումներ։
Միջոցառումներին ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, մարզպետի աշխատակազմի պաշտոնատար անձինք։
Միջոցառումների ընթացքում աշնան հարուստ գունապնակին կազմակերպիչներն ավելացրել են ոչ պակաս բազմերանգ և անուշաբույր ավանդական ուտեստները, բերք ու բարիքը, տոնական և խորհրդանշական ձևավորումները, ծիսական սովորույթները, գեղարվեստական ուրույն լուծումները, բնակավայրին բնորոշ նյութական և ոչ նյութական մշակութային արժեքների ներկայացումը։ Եվ այս ամենը ազգային երգ ու պարի հրաշալի զուգակցմամբ, ազգային ոգու և արժեքների պահպանման ընդգծված կարգախոսով։
Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը միջոցառումների ընթացքում շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին, մանկավարժական կոլեկտիվներին, աշակերտներին, ծնողներին՝ կարևորելով աշակերտների շրջանում ազգապահպան մշակութային արժեքների ճանաչողությանն ու տարածմանը, ժողովրդական հարուստ սովորույթների և ավանդույթների ուսուցմանն ու արժևորմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը։
Այս համատեքստում ընդգծվել է նաև այն գաղափարը, որ հայրենասիրության դրսևորումներից են նաև հայրենիքը, հարազատ բնօրրանը, նրա բնությունն ու մարդկանց ճանաչելը և գնահատելը։