Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Իրազեկման հանդիպում Գետափ բնակավայրում
18.11.2024
Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վասիլ Ասլանյանը, նույն վարչության գլխավոր մասնագետ Ցողիկ Բաբայանը և Գետափ բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Մարգարյանը Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրում հանդիպել են ԼՂ բռնի տեղահանված անձանց հետ։
Նրանք մեր հայրենակիցներին մեկ անգամ ևս իրազեկել են բնակարանային ապահովման, այլ սոցիալական աջակցության ծրագրերի մասին, քննարկել նրանց հետ քաղաքացիության ձեռքբերմանը, զբաղվածության ծրագրերին, փաստաթղթային խնդիրներին, համայնքների ենթակառուցվածքներին և զբաղվածության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։
Հատուկ անդրադարձ է կատարվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված 2025 թվականից գործարկման նախատեսվող նորացված աջակցության ծրագրին, համաձայն որի՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով 2025թ․ նախատեսվում է տրամադրել աջակցության ծրագիրը հետևյալ ձևաչափերով․
2025 թ. հունվար-մարտ ամիսների համար աջակցության ամսական չափը կկազմի 50,000 դրամ՝ նույն շահառու խմբերի համար։
Գործող միջոցառման շրջանակում տրամադրվող 10,000 դրամ աջակցության բաղադրիչն այլևս չի շարունակվի։
2025 թ․ ապրիլ ամսվանից նախատեսվում է սոցիալական աջակցություն տրամադրել բռնի տեղահանված առանձին խմբերի այն անձանց, ովքեր փաստացի բնակվում են ՀՀ-ում, հաշվառված են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից և`
• ունեն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան,
• 63 և ավելի տարեկան են,
• ստանում են կերակրողին կորցնելու դեպքում նպաստ,
• մինչև 18 տարեկան երեխա են։
Այս դեպքում՝ սոցիալական աջակցության ամսական չափը յուրաքանչյուր շահառուի համար նախատեսվում է՝
• 2025 թ. ապրիլ ամսվանից մինչև հունիս ամիսը ներառյալ՝ 40,000 դրամ,
• 2025 թ․ հուլիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ 30,000 դրամ:
Պատկան մարմինների ներկայացուցիչները նշեցին, որ արձանագրված խնդիրները պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների շրջանակներում կստանան համապատասխան լուծում, իսկ իրազեկման հանդիպումները կկրեն շարունակական բնույթ։