Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի հերթական նիստը

07.10.2024

Հոկտեմբերի 4-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի հերթական նիստը։
Նիստին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի անդամները, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները, գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ կամ ներկայացուցիչներ։
ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի նիստը սկսվեց ՀՀ օրհներգի հնչմամբ։
ՀՀ Վայոց ձորի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Կոլյա Միքաելյանը ներկայացրեց նիստի օրակարգի նախագիծը, որի հաստատումից հետո անդրադարձան օրակարգի 6 հարցերին և 4 հայտարարություններին։
Օրակարգի առաջին հարցը ՀՀ Վարչապետի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակներում ներկայացված՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի 2023 թվականի գործունեության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությամբ ամրագրված հանձնարարականների կատարման վերաբերյալ էր։ Զեկուցողներ մարզպետի տեղակալներ Արսեն Խաչատրյանը և Բագրատ Սողոմոնյանը ներկայացրեցին հանձնարարականների կատարման ընթացքը։ Դրանք վերաբերում էին հիմնականում կրթության, առողջապահության, տարածքային կառավարման, քաղաքաշինական, գյուղատնտեսական և զարգացման ծրագրերի մշակման բնագավառներին։
Օրակարգի երկրորդ հարցի՝ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի վերաբերյալ զեկուցեց ֆինանսական վարչության պետի պաշտոնում փորձագետ Գվիտոն Դավթյանը՝ ներկայացնելով ցուցանիշներն ըստ համայնքների և ըստ վճարների տեսակների։ Հավաքագրման ցուցանիշները ընդհանուր առմամբ գոհացուցիչ էին և համապատասխանում էին պլանավորումներին։
Օրակարգի մյուս հարցը վերաբերում էր տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններին առնչվող իրավական ակտերում 2024 թվականին կատարված փոփոխություններին, որոնք առնչվում էին շրջիկ առևտրին և գույքահարկի գծով արտոնություններին։ Իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը նշեց, որ վերը նշված գործընթացները կարգավորելիս հարկ է հաշվի առնել օրենսդրական փոփոխությունները։
Այնուհետև քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման ոլորտում առկա մի շարք խնդիրներ ներկայացրեց քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Արմեն Հախնազարյանը։ Դրանք առնչվում էին հիմնականում ինքնակամ կառույցներին, օբյեկտների նախագծման փուլում նախատեսվող աշխատանքների լիարժեք ուսումնասիրմանը, աղբավայրերի շահագործմանը, սուբվենցիոն ծրագրերի միջոցով բնակավայրերի ջրամատակարարման, ջրահեռացման, գազիֆիկացման և փողոցների լուսավորության խնդիրներին լուծում տալուն։
Օրակարգի հինգերորդ հարցի՝ գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցեց գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը՝ ներկայացնելով աշխատանքների հիմնական ուղղությունները, դրանց ընթացքը, առկա ցուցանիշները։ Սեզոնով պայմանավորված՝ հատուկ ուշադրություն դարձվեց խաղողի մթերման գործընթացի կազմակերպման հարցերին։
Օրակարգի վերջին հարցը մարզի համայնքներում իրականացվող իրավական և մասնագիտական հսկողության վերաբերյալ էր։ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետի տեղակալ Վարդան Հովհաննիսյանն անդրադարձավ վերջին երկու տարիների մարզի բոլոր համայնքներում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքներին, հայտնաբերված խախտումների բնույթին և դրանց վերացման և կանխարգելման ուղղությամբ կատարված աշխատանքներին։
Հայտարարություններով հանդես եկան Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սրբուհի Դավթյանը, զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը, զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Արամ Կոստանյանը, առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վասիլ Ասլանյանը։
Հայտարարությունները վերաբերում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի և մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոնների համալրման գործընթացին, ՀՀ Վայոց ձորի մարզում ազդարարման համակարգի միասնական կառավարմանը, 2024 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրերի ընթացքին,համայնքների բյուջեներում սոցիալական ուղղվածություն ունեցող ծախսերի ավելացման առաջարկին։
Վայոց ձորի մարզի խորհրդի ժամանակ ծավալվեց քննարկում, հնչեցին առաջարկություններ, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։
Ամփոփելով մարզի խորհրդի հերթական նիստը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը կարևորեց հանձնարարականների կատարման արդյունավետությունը, ժամկետների պահպանումը և խնդիրների լուծման վերաբերյալ կառուցողական մոտեցումները։

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37