Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա առթիվ
07.10.2024
Հարգելի՛ գրադարանավարներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ։
Գրի և գրքի, գիտելիքի և մշակույթի հանդեպ հայ ժողովրդի բացառիկ վերաբերմունքն ու գնահատանքը եղել և մնում են մեր ազգային նկարագրի անբաժանելի մասն ու բնութագրող չափանիշը։ Վկան՝ Ոսկեդարից մինչ օրս ձգվող երկար ու ձիգ ճանապարհը գրքի անփոխարինելի դերի արժևորման, հայապահպանման, գրական-մշակութային, ազգային և համամարդկային արժեքների փոխանցման հոլովույթում։
Եվ այս առումով անգնահատելի են ոչ միայն գիրք ստեղծողի, այլև այն պահպանողի և սերունդներին փոխանցողի, գրքի նկատմամբ սեր ու հարգանք տարածողի դերն ու առաքելությունը:
Գրադարանները վաղուց դարձել են յուրատեսակ մշակութային կենտրոններ, որտեղ նոր մոտեցումներով և նոր մարտահրավերներին ընդառաջ գրադարանավարներն աշխատում են, ստեղծագործում, բարձր պահում մշակութային ոգին, կամրջում մշակույթի տարբեր ծայրեր։
Գրադարանում ժամանակի սահմանները բեկվում են ներկայի մեջ, մարդուն համակում է մի այլ աշխարհում գտնվելու յուրատեսակ զգացողություն, և թվում է՝ աշխարհի մեծերը խոսում են քեզ հետ, սուզում քեզ գիտելիքի և իմաստության աշխարհը։Գրադարանում կարծես շնչում են գրքերը և մեզ փոխանցում ժամանակների մարդկային մտքի մեծագույն արժեքները։
Եվ դա ձեր՝ նվիրումով և եռանդով լի աշխատանքի շնորհիվ, ձեր անպարագիծ երևակայության արդյունքում։
Հարգելի՛ գրադարանավարներ, ցանկանում եմ ձեզ նոր նվաճումներ և ձեռքբերումներ ինքնատիպ գաղափարների և նախաձեռնությունների իրականացման ճանապարհին, թող գրադարանները լինեն այն ջերմ անկյունները, որոնք մշտապես կձգեն մեծերին և փոքրերին։