Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ
05.10.2024

Սիրելի՛ ուսուցիչներ, կրթության ոլորտի նվիրյալնե՛ր, մեծագույն հարգանքով ու սիրով շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ:
Հայ մարդը դարեր շարունակ առանձնահատուկ ակնածանքով և երախտագիտությամբ է գնահատել մանկավարժի գործը` նրան վերապահելով նոր սերնդի կրթության և քաղաքացու ձևավորման, հայապահպանման, ազգային և համարդկային արժեքներով դաստիարակելու դժվարին ու պատասխանատու աշխատանքը:
Յուրաքանչյուրիս կյանքում ուսուցիչը թողնում է անփոխարինելի ավանդ, հետք, արժեհամակարգ, որոնք կյանքի հետագա փուլերում դառնում են մեզ առաջ մղող հիմնական խթաններ, լուսատու փարոս և անսխալ ուղեցույց:
Ձեր կատարած դժվարին, բայց և շնորհակալ աշխատանքի արդյունքում է, որ, ի դեմս կիրթ սերնդի, կանգուն են պետության ու ազգի հիմքերը: Կրթելով ու դաստիարակելով մեր երեխաներին, սերմանելով նրանց մեջ սեր ու հարգանք գիտելիքի հանդեպ՝ դուք դնում եք կայուն ապագայի կնիքը:
Սիրելի՛ ուսուցիչներ, դուք նվիրյալներ եք կրթության ոլորտում և կարողանում են, անկախ առկա մարտահրավերներից ու հոգսերից, սփռել լույս դեպի գիտելիքը, վարակել երեխաներին գիտելիքը սիրելու և արժևորելու ձեր սիրով , դուք եք բացում երեխաների մտքի հորիզոնները, վառում նրանց երևակայությունը, սովորեցնում ճախրել, երազել, նպատակներ սահմանել և հասնել դրանց:
Այսօր սահմանը քաջաբար պահում են ձեր կրթած պատանիները, գիտության ոլորտները նվաճում են ձեր կրթած սաները, կյանքի տարբեր բնագավառներում խիզախում են ձեր կրթած աշակերտները և այսպես շարունակ:
Ուրեմն նորից ու նորից շնորհավոր ձեր մասնագիտական տոնը, շարունակե՛ք ձեր անսպառ երևակայությամբ և անդուլ աշխատանքով, ձեր մտքի անծիր թռիչքով և անզիջում վճռականությամբ կրթել, դաստիարակել, ձևավորել այս սերնդին ևս՝ հանուն մեր պետության բարօրության և վաղվա լուսավոր օրվա:
Ցանկանում եմ ձեզ տոկունություն և լավատեսություն,կամք և եռանդ ձեր շնորհակալ և պատասխանատու աշխատանքում: