Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ագարակաձոր բնակավայրում նշվեց գյուղի տոնը
09.09.2024
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրում սեպտեմբերի 8-ին նշվեց Ագարակաձորի տոնը։
Միջոցառման մեկնարկից առաջ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի գլխավորությամբ միջոցառման մասնակիցները այցելեցին Անապատ կոչվող մատուռ և կատարեցին մոմավառություն։
Բացման խոսքով հանդես եկավ Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, ով նշեց, որ նմանատիպ միջոցառումները միտված են բնակիչներին ավելի միասնական դարձնելուն և շնորհավորեց ագարակաձորցիներին իրենց տոնի առթիվ։
Համայնքի ղեկավարը նաև շնորհակալագրեր հանձնեց Ագարակաձորի՝ միջոցառումներին և նախաձեռնություններին մշտապես ակտիվորեն մասնակցած բնակիչներին։
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները, հյուրերը շրջեցին տաղավարներով, որտեղ ներկայացված էին հայկական հարուստ խոհանոցի ուտեստները գեղեցիկ և բնորոշ ձևավորումներով, դիտեցին հայկական կենցաղին բնորոշ դրվագներ։
Տոնի մշակութային հատվածում ելույթներ ունեցան հայտնի երգիչներ Սոնա Շահգելդյանը, Վարդան Բադալյանը, Գևորգ և Դավիթ Բաղդասարյանները, ինչպես նաև Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի պարի խումբը, Աղավնաձորի և Եղեգնաձորի արվեստի դպրոցների սաները։














