Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նշվեց Գիտելիքի և դպրության տոնը
03.09.2024
Սեպտեմբերի 2-ին մեկնարկեց նոր ուսումնական տարին․ խորհրդանշական զանգի ազդարարմամբ և տոնական միջոցառումներով ուսումնական հաստատությունները կրկին իրենց հյուընկալ դռները բացեցին նախադպրոցական ու դպրոցական տարիքի երեխաների և ուսանողների առջև։
Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն այցելեց Եղեգիսի նորակառույց դպրոց, հանդիպեց մանկավարժական կոլեկտիվի և աշակերտների հետ, շնորհավորեց նրանց՝ մաղթելով բոլորին ուժ ու եռանդ, արդյունավետ և համագործակցված աշխատանք գիտելիքի փոխանցման և ձեռքբերման պատասխանատու գործընթացում։
Մարզպետ Կոլյա Միքաելյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան, դպրոցի տնօրեն Նելլի Հարությունյանը կատարեցին շրջայց դպրոցում, մեկ անգամ ևս դիտարկեցին շենքային պայմաններն ու նյութատեխնիկական հնարավորությունները՝ քննարկումներում կարևորելով կրթության արդիական պահանջներին համապատասխան կրթական միջավայրի և ռեսուրսների ապահովման անհրաժեշտությունը։Տոնական ջերմ մթնոլորտն ապահովեցին դպրոցի աշակերտների գեղարվեստական կատարումները։
Հավելենք, որ Եղեգիսի միջնակարգ դպրոցը նախատեսված է 100 աշակերտի համար, ունի հանդիսությունների սրահ, մինի ֆուտբոլի դաշտ։Կառուցվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ, պայմանագրային արժեքը կազմել է 737,2 մլն ՀՀդրամ։
Մարզի մյուս նորակառույց Գոմքի միջնակարգ դպրոց օրվա խորհրդի շրջանակներում այցելել է մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը։Այս դպրոցը ևս նախատեսված է 100 աշակերտի համար, ունի հանդիսությունների սրահ, մինի ֆուտբոլի դաշտ։Կառուցվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ, պայմանագրային արժեքը կազմել է 694,6 մլն ՀՀ դրամ։
Զառիթափի միջնակարգ դպրոցում էլ տոնական միջոցառմանը ներկա է գտնվել մարզպետի տեղակալ Բագրատ Սողոմոնյանը։
Ձևավորված ավանդույթի համաձայն՝ մարզպետի աշխատակազմի մյուս աշխատակիցները ևս այցելեցին մարզի տարբեր հանրակրթական հաստատություններ, մասնակցեցին տոնական միջոցառումներին, մանկավարժներին և աշակերտներին փոխանցեցին մարզպետի ուղերձը՝ ցանկանալով, որ նոր ուսումնական տարին նշանավորվի նվաճումներով և ձեռքբերումներով, հաջողություններով և գիտելիքներով հարստացմամբ։