Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն դպրոցների տնօրենների և վարչատնտեսական մասի համակարգողների մասնակցությամբ
21.08.2024
Օգոստոսի 20-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն մարզպետի աշխատակազմի ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների և վարչատնտեսական մասի համակարգողների մասնակցությամբ։
Խորհրդակցությանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալներ Բագրատ Սողոմոնյանը, Արսեն Խաչատրյանը,մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Աղվան Հարությունյանը, մարզպետի խորհրդական Վահան Աբրահամյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան և ֆինանսական վարչության պետի պաշտոնում փորձագետ Գվիտոն Դավթյանը։
Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ աշխատանքային խորհրդակցության միջոցով ոլորտի խնդիրների բարձրաձայնման և վերհանման, լուծման մեխանիզմների քննարկման, առկա գործիքակազմի արդյունավետ օգտագործման հարցերը, ինչպես նաև մարզպետի որոշմամբ մարզի դպրոցներում մշտադիտարկումներ իրականացնող աշխատանքային խմբի գործունեության արդյունքները։
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան ներկայացրեց օգոստոսի 27-ին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի կողմից անցկացվելիք ընդլայնված խորհրդակցության նախապատրաստական աշխատանքների ընթացակարգը, սպասվելիք էքսպոցուցադրության մասնակցության չափանիշները, այնուհետև անդրադարձավ նախորդ ուսումնական տարվա կրթական, մշակութային, մարզական ոլորտների արձանագրած հաջողություններին, դրանց էլ ավելի ակտիվացման, դպրոցների՝ առկա ուղեցույցների պահանջներին համապատասխան ներքին ձևավորման աշխատանքների, կանոնադրության փոփոխությունների, դասագրքերի բաշխման, աշխատանքային կարգապահության հարցերին։
Այնուհետև մարզպետի տեղակալ Բագրատ Սողոմոնյանը ներկայացրեց մարզի դպրոցներում մշտադիտարկումներ իրականացնող աշխատանքային խմբի գործունեության արդյունքները։Շեշտադրվեց հատկապես աշխատանքային օրենսգրքի, աշխատանքային պայմանագրերի, հրամանագրքերի վարման նորմերի պահպանման կարևորությունը։ Բ․ Սողոմոնյանն անդրադարձավ նաև շենքերի անվտանգության, սննդի կազմակերպման, սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման, բակային և հարակից տարածքների բարեկարգման, թափուր աշխատատեղերի համալրման, պատշաճ կերպով փաստաթղթերի արխիվացման, խրախուսմանն ու կարգապահական տույժին առնչվող հարցերին։
Մարզպետի խորհրդական Վահան Աբրահամյանն անդրադարձավ ուսուցիչների կամավոր ատեստավորման խնդիրներին, կրթական հաստատություններում տարբեր կազմակերպությունների կողմից անցկացվող ծրագրերի և միջոցառումների՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության որդեգրած պետական քաղաքականությանը համահունչ լինելուն։
Ֆինանսական վարչության պետի պաշտոնում փորձագետ Գվիտոն Դավթյանը խոսեց դպրոցների ֆինանսական խնդիրների, առանձնահատկությունների, խնայված միջոցների նպատակային օգտագործման ուղղությունների, բյուջեի պլանավորման, հաշվապահական և գնումների գործընթացներում հաճախ հանդիպող հարցերի մասին։
Ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը՝ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը մեկ անգամ ևս կարևորեց քաղաքակիրթ հասարակություն ունենալու գործում մանկավարժի անուրանալի դերն ու ավանդը՝ մաղթելով արդյունավետ և բեղմնավոր ուսումնական տարի։