Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում–քննարկում Գլաձոր բազմամետաղային հանքի հանքարդյունաբերության դեմ հանդես եկող նախաձեռնող խմբի և <<Մետալ գոլդ>> ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ

05.08.2024

   ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի առաջարկով և գլխավորությամբ մարզպետի աշխատակազմում օրերս տեղի ունեցավ հանդիպում–քննարկում Գլաձոր բազմամետաղային հանքի հանքարդյունաբերության դեմ հանդես եկող նախաձեռնող խմբի անդամների և հանքավայրի հետագա շահագործման ցանկություն հայտնող <<Մետալ գոլդ>> ընկերության ներկայացուցիչ Արամ Օսիկյանի մասնակցությամբ։
   Նշենք, որ մինչ այդ երկու հանդիպում նախաձեռնող խմբի հետ տեղի էր ունեցել մարզպետի աշխատակազմում, ապա առաջացած մի շարք հարցեր տեղում քննարկելու նպատակով նույն խմբի առաջարկով կազմակերպվել է դաշտային օր։ Մարզպետ Կոլյա Միքաելյանը, մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը և նախաձեռնող խմբի անդամներն այցելել են նախատեսվող հանքավայրի տարածք և դիտարկել ջրային ռեսուրսների վտանգվելու, աղտոտվելու խնդիրները, ինչպես նաև հանքի հետագա շահագործման այլ հնարավոր բացասական հետևանքները։
   Ընդ որում, նախատեսվող հանքարդյունաբերության դեպքում /փակ եղանակով/ ավելանալու է ազդակիր բնակավայրերի թիվը՝ հասնելով 10-12-ի ջրային ռեսուրսների վտանգման հետևանքով։
   Մարզպետի աշխատակազմում հանդիպում-քննարկման ժամանակ մարզպետ Կոլյա Միքաելյանը կարևորեց շահագրգիռ կողմերի հետ կառուցողական և բաց քննարկումը, փաստերի հիմնավորումը, խնդրո առարկայի շուրջ նաև հասարակության կարծիքը։
   <<Մետալ գոլդ>> ընկերության ներկայացուցիչ Արամ Օսիկյանը ներկայացրեց Գլաձոր բազմամետաղային հանքի հնարավոր շահագործման նախնական աշխատանքները, պլանները, ծավալները, ծրագրերը, սոցիալական պարտավորությունները և երաշխիքները, որոնց համաձայն՝ համապատասխան թույլտվություն ստանալուց հետո կկատարվեն դաշտային աշխատանքներ , ապա շահագործում։ Ըստ նրա՝ սա կապահովի 350 աշխատակցի եկամուտ, նրանք կունենան սոցիալական երաշխիքներ, ազդակիր բնակավայրերի համար կան նախատեսված տարբեր սոցիալական նախաձեռնություններ․ կօգտվեն և՛ համայնքը, և՛ պետությունը, և՛ սեփականատերը, իսկ հասույթի 1%-ը տրամադրվելու է համայնքին։
   Գլաձոր բազմամետաղային հանքի հանքարդյունաբերության դեմ հանդես եկող նախաձեռնող խմբի անդամները ներկայացրեցին այն բացասական հետևանքները, որը կառաջանա հանքի շահագործման արդյունքում։
1.Հերհեր գետից և Կարմրաշեն բնակատեղիից 2կմ հեռավորությամբ, 100 մետր խորությամբ անցնում է Արփա-Սևան թունելը: Չի բացառվում ծանր մետաղներով և թունավոր նյութերով հարստացված ջրերը ներթափանցեն Արփա-Սևան թունել, լցվեն Եղեգիսի կիրճ և տեղափոխվեն Սևանա լիճ։
2.Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսի քարտեզում գծագրված է, որ Թեք սարից սկիզբ են առնում Վերնաշեն, Մալիշկա, Հերհեր և Եղեգիսի կիրճ թափվող գետերը։ Գլաձորի բազմամետաղային հանքավայրի՝ Թեք սարից սկիզբ առնող ջրերը Վերնաշեն գյուղի միակ խմելու ջրի աղբյուրն են:Այս ռեսուրսները ևս վտանգված են լինելու: Վերնաշեն բնակավայրի 85-90 ընտանիքի 1991թ-ին տրվել է պտղատու և խաղողի այգի, որը ոռոգվում է Թեք սարից հոսող ջրերով։ Փաստացի վտանգվում է 320-350 քաղաքացու ջրովի հողատարածքներից զրկվելու սեփականության իրավունքը։
3.Մեծ վնաս է հասցվելու մարզի զբոսաշրջային այս ուղղությանը: Զբոսաշրջիկը այլևս չի ցանկանալու այցելել պատմամշակութային հուշարձաններով հարուստ այս վայրերը /Սպիտակավորի վանք, Սուրբ Խաչ վանք, Պռոշաբերդ, Գլաձորի համալսարան/:
4.Գլաձոր բազմամետաղային հանքը գտնվում է Եղեգնաձորի արգելավայրի անմիջական տարածքում: Հանքարդյունաբերական գործունեությունը վտանգ է ներկայացնում արգելավայրի բուսական և կենդանական աշխարհի համար:
5.Բազմամետաղային հանքի շահագործման պարագայում մեծ է վնասակար ծանր մետաղների պարունակության պատճառով բնակչության առողջությունը վտանգելու ռիսկը:
6. Էական վնաս է հասցվում գյուղատնտեսական ոլորտին և զարգացման հեռանկարներին. Գլաձորի հանքավայրի տարածքի անմիջապես հարևանությամբ առկա են սեփականաշնորված գյուղատնտեսական հողեր, արոտավայրեր և խոտհարքեր, ինչը ոլորտի զարգացման ռեալ նախադրյալ է:

7․Հանքարդյունաբերության հետևանքով ազդակիր բնակավայրերի բնակիչները կհեռանան իրենց բնակավայրերից։

8․Հանքարդյունաբերության հետևանքով Վերնաշենում կառուցվելիք ջրամբարի համար վտանգներ կառաջանան: Նախատեսված ջրամբարի ջրերը ներհոսելու են անմիջապես նախատեսված հանքի տարածքից:
   Ամփոփելով հանդիպումը՝ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը շնորհակալություն հայտնեց կողմերին բազմակողմանի քննարկման համար՝ առաջարկելով բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների ընդգրկմամբ ստեղծել աշխատանքային խումբ հետագա գործընթացները օրենքի շրջանակներում կազմակերպելու համար /ստորագրահավաք, հանրային քննարկում, հանրագրի ներկայացում և այլն/։

   Հավելենք, <<Վերնաշեն>> ջրամբարը նախատեսված է կառուցել հանքավայրի հարակից տարածքում․ հանքավայրից հոսող առուների և աղբյուրների ջրերը թափվելու են ջրամբարի տարածք։ Փաստացի անհամատեղելի են բազմամետաղային հանքի շահագործումը և ջրամբարաշինությունը։
   Ըստ գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության տվյալների՝ նախատեսվող ջրամբարը /3․0-3․2 մլն3 տարողությամբ/ ոռոգելի պետք է դարձնի 800 հա անջրդի վարելահող՝ Մալիշկա՝ 400 հա, Վերնաշեն՝ 280 հա և Գլաձոր՝ 120 հա։ Արդյունքում 800 հա ջրովի դարձած վարելահողերի համապատասխան եկամուտը կգերազանցի հանքարդյունաբերության եկամուտներին 2-2,5 անգամ։Այն կապահովի շուրջ 800 բնակչի համար կայուն եկամտի աղբյուր։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29