Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում Վայոց ձորի մարզի խաղողագործության և գինեգործության ոլորտի վերաբերյալ

11.07.2024

   Հուլիսի 9-ին Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունեց մարզի գինեգործության և խաղաղագործության ոլորտում գործունեություն ծավալող մի խումբ տնտեսվարողների և ոլորտի մասնագետների, ինչպես նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բուսաբուծության և հողագիտության ամբիոնի վարիչ դոցենտ Գագիկ Թովմասյանը,նույն ամբիոնի դասախոս , օրգանական գյուղատնտեսության լաբորատորիայի վարիչ Լուսինե Երիցյանը, գործարար-բարերար, Արենի համայնքում լաբորատորայի հիմնադիր Խաչիկ Հակոբյանը։
   Հանդիպման նպատակն էր քննարկել մարզի տնտեսության երկու կարևորագույն ճյուղերի՝ խաղողագործության և գինեգործության առկա խնդիրները, զարգացման և ընդլայնման հեռանկարները։
   Մարզպետ Կոլյա Միքաելյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, կարևորեց այսպիսի ձևաչափով հանդիպումները՝ ակնկալելով կառուցողական քննարկում։
   Մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը ներկայացրեց մարզում խաղողի արտադրման և մթերման ծավալների մասին տեղեկություններ, ոլորտում  ՀՀ կառավարության վարած քաղաքականության միտումները և այլն։
   Ըստ գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության տվյալների՝ Վայոց ձորի մարզում Արենի սորտի խաղողի ընդհանուր տարածքը կազմում է 1280 հեկտար։Մարզում վերջին հինգ տարիների արտադրված խաղողի միջին քանակը կազմում է 5800-6500 տոննա։
   Մարզի խաղողագործների հետ համագործակցում են հանրապետության 16-18 վերամշակող կազմակերպություններ, իսկ մարզում առկա են խաղող վերամշակող 9 գինեգործարաններ։Կառավարության որդեգրած քաղաքականության շնորհիվ՝ 2022-2023թթ․ փաստացի խաղողի մթերման հետ կապված խնդիրներ չեն եղել։
   Քննարկումներում կարևորեցին գործընթացի շղթայի բոլոր օղակների արդյունավետ աշխատանքը՝ հողի քիմիական անալիզ անցկացում, գյուղացուն մասնագիտական խորհրդատվության տրամադրում և աջակցություն, խաղողի որակյալ սորտերի ընտրություն, որակյալ հումքի մթերում, որակյալ ապրանքի արտադրություն և իրացում։
   Արտադրող-մթերող հարաբերություններում արդյունավետ համարեցին և՛ գործընկերային մոտեցումը,և՛ իրավական հիմքերով /պայմանագրերի կնքում/ խնդիրը կարգավորելը, ինչպես նաև խնդրի լուծման համար երկարաժամկետ լուծումներ և մեխանիզմներ մշակելը։
   Հայաստանի ազգային ագրարային համալսարանից ժամանած հյուրերը պատրաստակամություն հայտնեցին մասնագիտական աջակցություն և խորհրդատվություն տրամադրել գյուղացիական տնտեսություններին։
   Նշվեց, որ Արենիում հիմնվել է ժամանակակից չափանիշներով գյուղատնտեսական հետազոտությունների լաբորատորիա, որտեղ հնարավոր է իրականացնել մի շարք գործողություներ, օրինակ՝ հողի քիմիական անալիզ,պտղի, պատրաստի արտադրանքի /գինի, չիր, պահածո, բնական հյութ/ անալիզ և այլն։
   Ամփոփելով հանդիպումը՝ մարզպետ Կոլյա Միքաելյանը նշեց, որ մարզպետի աշխատակազմը՝ ի դեմս գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության, իր իրավասությունների շրջանակում կաջակցի ոլորտի խնդիրների լուծմանն ու զարգացմանը։
   Հանձնարարվեց նաև առաջիկայում կազմակերպել հանդիպում-քննարկում խաղողի արտադրությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների հետ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 16:31:29