Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի հերթական նիստը

04.07.2024

   Հուլիսի 3-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի խորհրդի հերթական նիստը։
   Նիստին մասնակցում էին մարզխորհրդի անդամները, ուժային կառույցների տարածքային մարմինների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի վարչության պետերը, այլ աշխատակիցներ։
   Օրակարգում ներառված էր 5 հարց։ Օրակարգի 1-ին հարցի՝ գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի վերաբերյալ ելույթ ունեցավ գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը՝ ներկայացնելով 2024թ․մարզում կատարած ցանքերի, անասնաբուժական ծառայությունների կողմից իրականացված ախտորորշիչ և կանխարգելիչ միջոցառումների, ոռոգման համակարգի արդիականացման ծրագրի շրջանակներում կատարած աշխատանքների, արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը հասցված վնասների և այլ հարցերի շուրջ տեղեկություններ։
   Գեղամ Մարգարյանը ներկայացրեց նաև օրակարգի 2-րդ հարցի վերաբերյալ զեկույցը՝ մարդ-վայրի բնություն (գորշ արջ) կոնֆլիկտը, հետևանքները, հնարավոր լուծումները։ Խնդիրը դիտարկվեց՝ ըստ համայնքների և ըստ արջի հասցրած վնասների չափերի։Անդրադարձ կատարվեց կատարված և պլանավորած աշխատանքներին, որոնք ուղղված են արջի մուտքը բնակավայրեր հնարավորինս կանխելուն և վնասների հետևանքները մեղմելուն։
   2024 թվականի առաջին կիսամյակում սոցիալական ոլորտում իրականացված աշխատանքներն օրակարգի հաջորդ հարցի շրջանակներում ներկայացրեց առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վասիլ Ասլանյանը։Այն ընդգրկել է հետևյալ հիմնական ուղղությունները՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների սոցիալական ապահովություն, զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովություն, հաշմանդամություն ունեցող անձինք և տարեցներ, պետական զբաղվածության ծրագրերի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ,մարզի բնակչության սոցիալական վիճակը։
   Օրակարգի մյուս հարցը կրթության, մշակույթի և սպորտի բնագավառում 2023-2024 թթ. ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ էր: Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան զեկույցում անդրադարձավ ոլորտին առնչվող տարբեր հարցերի, մասնավորապես՝աշակերտների շարժին, կրթության որակի բարելավմանն ուղղված աշխատանքներին, գործընկեր կազմակերպությունների հետ իրականացրած ծրագրերին, ուսուցիչների կամավոր ատեստավորման և վերապատրաստման խնդիրներին, առարկայական օլիմպիադաներին, դպրոցականների գեղագիտական և ֆիզիկական դաստիարակությանը միտված միջոցառումներին, նոր կառուցվող ուսումնական հաստատություններին և այլն։
   Մարզխորհրդի նիստի օրակարգի վերջին հարցի մասին զեկուցեց ֆինանսական վարչության պետի պաշտոնում փորձագետ Գվիտոն Դավթյանը՝ ներկայացնելով 2024 թվականի առաջին կիսամյակում ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների տեղական բյուջեներին ամրագրված եկամուտների հավաքագրման ընթացքը, ցուցանիշները՝ ըստ պլանավորումների և ըստ փաստացի արդյունքների։Տվյալները ներկայացվեցին նախ ընդհանուր, ապա ըստ 5 համայնքների՝ զուգահեռ համեմատականներ տանելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքների հետ։
  Օրակարգի հարցերի շուրջ ծավալվեց հարց ու պատասխան, հնչեցին առաջարկներ։
   Ամփոփելով Վայոց ձորի մարզի խորհրդի նիստը՝ մարզպետ Կոլյա Միքաելյանը համայնքների ղեկավարներին և մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին տվեց մի շարք հանձնարարականներ՝ կարևորելով փոխհամագործակցված աշխատանքը բոլոր ոլորտներում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29