Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետի տեղակալ Բ. Սողոմոնյանը և խորհրդական Վ. Աբրահամյանը ներկա գտնվեցին <<Արմենյան>> երաժշտական ստուդիայի հաշվետու համերգին
26.06.2024
Հունիսի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Բագրատ Սողոմոնյանը և մարզպետի խորհրդական Վահան Աբրահամյանը <<Եղեգնաձորի մշակույթի կենտրոն>>-ում ներկա գտնվեցին մարզում գործող <<Արմենյան>> երաժշտական ստուդիայի /ղեկավար՝ Մարո Սիմոնյան/ հաշվետու համերգին։
Ստուդիան, տարիներ շարունակ իր շուրջը համախմբելով մարզի տարբեր բնակավայրերից շնորհաշատ երեխաներին, բացում է նրանց առջև երաժշտական աշխարհի գաղտնիքները, հաղորդակից դարձնում հայ և համաշխարհային երգարվեստի ստեղծագործություններին։
Համերգն ուսումնական տարվա աշխատանքների ընդհանուր հանրագումարն էր՝ բազմաժանր երգերով և երաժշտական գեղեցիկ կատարումներով։
Վայոց ձորի մարզպետի տեղակալ Բագրատ Սողոմոնյանը <<Եղեգնաձորի մշակույթի կենտրոն>>-ի տնօրեն, <<Արմենյան>> երաժշտական ստուդիայի ղեկավար Մարո Սիմոնյանին հանձնեց մարզպետ Կոլյա Միքաելյանի կողմից տրված շնորհակալագիրը՝ մշակույթի բնագավառում ունեցած վաստակի, ներդրած նշանակալի ավանդի, ակնառու ձեռքբերումների, հոգևոր և աշխարհիկ երաժշտական արժեքները երիտասարդ սերնդին փոխանցելու համար։
Ի դեպ, հունիսի 21-ին երաժշտության միջազգային օրվա առթիվ <<Եղեգնաձորի մշակույթի կենտրոն>>-ի կողմից իրականացվել էր գեղեցիկ մի նախաձեռնություն․ բացօթյա բեմահարթակից հնչել էին դասական, ազգային, ռոք, հեղինակային երգեր և գործիքային կատարումներ՝ հիացմունք և հաճելի պահեր պարգևելով հանդիսատեսին։