Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկում է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտերի ընդունման փուլը

04.06.2024


   ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտարարում է Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի ընտրության մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ):

   Մրցույթի նպատակներն են`
• աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը և համակողմանի զարգացմանը, որպես Հայաստանի Հանրապետության ակտիվ և պատասխանատու քաղաքացիների ինքնադրսևորմանն ու կայացմանը.
• խթանել տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ` ՏԻՄ) կողմից երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքների և ծրագրերի ծավալների մեծացումը.
• նպաստել համայնքային երիտասարդական ենթակառուցվածքների ստեղծմանը և զարգացմանը (համայնքային երիտասարդական կենտրոններ (միջավայրեր), քաղաքացիական հասարակության կառույցներ (այսուհետ` ՔՀԿ) և այլն).
• նպաստել միջհամայնքային երիտասարդական կենտրոնների (միջավայրերի) ցանցի ստեղծմանն ու համագործակցության զարգացմանը.
• խրախուսել տեղական երիտասարդական աշխատանքի ձևավորումն ու զարգացումը, երիտասարդական նորարարական գաղափարների կյանքի կոչումը, օժանդակել միջազգային համագործակցության հաստատմանն ու զարգացմանը։
Մրցույթի մասնակիցներն են քաղաքային բնակավայր ունեցող համայնքը կամ նրա կազմում ներառված առանձին քաղաքային բնակավայրը։

   Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված և երիտասարդական մայրաքաղաք հռչակված քաղաքը կհամարվի 2025 թվականին կազմակերպվող երիտասարդական միջոցառումների և նախաձեռնությունների իրականացման հիմնական վայր։

   Մրցույթն իրականացվում է հետևյալ փուլերով՝
• հայտերի ընդունում և գնահատում մրցութային հանձնաժողովի կողմից,
• հայտերի փորձագիտական գնահատում փորձագետների կողմից,
• ՀՀ բնակչության շրջանում կարճ հաղորդագրությամբ SMS քվեարկություն,
• Մրցույթի արդյունքների ամփոփում և երիտասարդական մայրաքաղաքի հռչակում։
   Հայտը ներկայացվում է Նախարարություն համայնքապետարանի կողմից՝ համայնքում երիտասարդական ոլորտում գործունեություն ծավալող առնվազն երկու հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ։
Հայտը պետք է բաղկացած լինի հետևյալ փաստաթղթերից՝
• համայնքի ղեկավարի գրություն Մրցույթին մասնակցելու պատրաստակամության մասին.
• համահայտատու կազմակերպությունների հանձնառությունը հավաստող գրություններ.
• հայտադիմում.
• հայտադիմումին կից անհրաժեշտ տեղեկատվության և փաստաթղթերի ցանկ.
• ծրագիր, ընդ որում՝ ներկայացվող ծրագիրը պետք է ուղղված լինի Մրցույթի նպատակներից առնվազն մեկի իրականացմանը:
Մրցույթին մասնակցության հայտերն ընդունվում են ս.թ. հունիսի 3-ից մինչև օգոստոսի 2-ը ներառյալ։

   Կից ներկայացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 08.08.2023թ. 1415-Ա/2 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի իրականացման կանոնակարգը և փորձագիտական գնահատման չափանիշները։

   ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Սույն հայտարարությամբ նախանշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի։

   Հայտերի՝ Մրցույթի իրականացման կանոնակարգի պահանջներին համապատասխան ներկայացման և պատշաճ լրացմանն աջակցության նպատակով ս.թ. հունիսի 24-ին՝ ժամը 14.00-ին, ՀՀ ԿԳՄՍՆ-ում տեղի կունենա խորհրդատվական հանդիպում՝ նախատեսված այն քաղաքների/համայնքների ներկայացուցիչների համար, որոնք պատրաստվում են հայտ ներկայացնել Մրցույթին։
   Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հունիսի 19-ը youth@escs.am էլ.փոստին ուղարկել մասնակցի (ների) մասին տեղեկատվություն՝ նշելով անունը, ազգանունը, ստորաբաժանումը, պաշտոնը, բջջային հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն։
   Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար զանգահարել` 010 599 642 և 010 599 643 հեռախոսահամարով:

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-22 10:30:12