Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ
01.06.2024
Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ:
Յուրաքանչյուր օր պետք է լինի երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց խնդիրների լուծումը ուշադրության կենտրոնում պահելու, նրանց անսահման ջերմությամբ և հոգատարությամբ պարուրելու օր: Նրանց հրաշք գոյությունը յուրաքանչյուր պահ մեզ համար ուրախության անսպառ աղբյուր է, իսկ նրանց հաջողությունները՝ հպարտության բերկրանք:Երեխաներն օրհնություն և պարգև են յուրաքանչյուր ընտանիքի համար:
Իմ փոքրի՛կ բարեկամներ, թող ձեր ոսկեծամ մանկությունը լինի միայն ժպիտներով և դրական հույզերով շաղախված, թող տխրության ոչ մի նշույլ չստվերի ձեր լուսավոր ներկան ու գունեղ առօրյան:
Այս տոնը մանուկներինն է, բայց միաժամանակ ազդակ ավագներին անել հնարավորը երեխաների իրավունքների պաշտպանության համար, որպեսզի նրանք մեծանան որպես Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներ, գնահատեն ազգային և համամարդկային արժեքները, առաջնորդվեն կյանքում ազնվագույն սկզբունքներով և վեհ գաղափարներով:
Այս հարցում հսկայական դերակատարություն և առաքելություն ունեն և՛ ծնողները, և՛ պետության համապատասխան ինստիտուտները՝ միշտ առաջնահերթ համարելով երեխայի լավագույն շահը: Ճիշտ դաստիարակությամբ և պետական ճիշտ քաղաքականությամբ մենք այսօր դնում ենք վաղվա առողջ հասարակության և ամուր պետության հիմքերը, ուստի բանիմաց, օրինապաշտ, հայրենասեր և պատասխանատու քաղաքացի և անհատ ձևավորելը յուրաքանչյուրիս անելիքը պետք լինի:
Նորից շնորհավորելով մանուկների տոնը և բարձր գնահատելով նրանց դաստիարակությանը նվիրված անձանց աշխատանքը՝ մաղթում եմ, որ մեր մանուկներն ապրեն ու մեծանան անվտանգ և խաղաղ երկրում, ներդաշնակ և համերաշխ հասարակությունում: