Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզում անցկացվեց շտաբային ուսումնավարժություն
22.05.2024
Համաձայն Վայոց ձորի մարզի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2024թ. հիմնական միջոցառումների պլանի՝ սույն թվականի մայիսի 22-ին Վայոց ձորի մարզում անցկացվեց շտաբային ուսումնավարժություն <<Փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը սողանքի դեպքում>> թեմայով:
Ուսումնական նպատակն էր.
1. Ստուգել մարզի ղեկավար կազմի պատրաստականությունն արտակարգ իրավիճակների սպառնալիքի և ծագման դեպքում:
2. Կատարելագործել ուսումնավարժությունում ընդգրկված մարմինների ղեկավար կազմերի ունակություններն ու փոխհամագործակցության իրականացումը սողանքների սպառնալիքի և առաջացման դեպքում:
3. Կատարելագործել ուժերի գործնական հմտությունները փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում:
4. Ստուգել <<Արտակարգ իրավիճակներում Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի բնակչության պաշտպանության>> պլանի իրատեսությունը:
Ուսումնավարժությունը անցկացվեց երկու փուլով 1 օր տևողությամբ:
Ուսումնավարժությունը ղեկավարում էր մարզպետ Կոլյա Միքաելյանը:
Շտաբային ուսումնավարժությանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմը, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը, մարզային ծառայությունների պետերը, մարզի արտակարգ իրավիճակների և տարհանման հանձնաժողովները, Չիվա բնակավայրի վարչական ղեկավարը:
Ուսումնավարժության ընթացքում իրականացվեցին ծառայությունների և համայնքների ուժերի ու միջոցների պատրաստականության բերման միջոցառումներ, նախապատրաստվեցին զեկույցներ:
Մարզպետի մոտ կայացած հավաքի ժամանակ մասնակիցները ներկայացրեցին իրենց զեկույցները ուժերի և միջոցների պատրաստականության բերման ու իրականացված կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ, քննարկվեցին իրականում առկա խնդիրները:
Ընթացքում մասնակիցները փորձեցին իրավիճակին համապատասխան լուծումներ ներկայացնել և հանդես եկան զեկույցներով։
Շտաբային ուսումնավարժության ավարտին տեղի ունեցավ ակտիվ քննարկում, կատարված աշխատանքների ամփոփում և արդյունքների վերլուծություն։
Քննարկումից հետո ուսումնավարժության ղեկավարը ամփոփեց ուսումնավարժության արդյունքները և այն գնահատեց բավարար: