Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա առիթով
08.05.2024
Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր՝ մայիսի 8-ին, նշում ենք Երկրապահի օրը։
Օրը առիթ է մեկ անգամ ևս հիշելու և արժևորելու այն մեծ ավանդը, որ ունեցել է երկրապահ կամավորական շարժումը վերջին տասնամյակներին հայրենի հողի պաշտպանության, անկախության կերտման և պահպանման , սերունդներին ռազմահայրենասիրական ոգով դաստիարակելու գործում։
Երկրապահ կամավորներն իրենց վսեմ գաղափարներով և հերոսական սխրանքներով հայոց բանակաշինության ակունքներում են, նորանկախ պետության հիմքերի ամրապնդման մեծ նվիրյալները։
Նրանք իրենց բացառիկ անձնուրացությամբ, հայրենիքի հանդեպ անծիր-անպարագիծ սիրով, հայրենի հողը պաշտպանելու անսահման վճռականությամբ օրինակ են սերունդների համար։ Երկրապահ լինելն առաքելություն է, այո՛, երկիրը խաղաղ և անվտանգ պահելու սրբազան առաքելություն, հայրենիքն անվերապահորեն սիրելու և բարձր գիտակցմամբ նրան ծառայելու պատրաստակամություն։
Խորին խոնարհումս հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած երկրապահներին, երախտագիտությունս Երկրապահ կամավորականների միությանը` այսօր էլ բանակային կադրերի համալրման, զոհված և վիրավոր ընկերների ընտանիքներին նեցուկ կանգնելու, երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում շարունակական ավանդի համար:
Հարգելի՛ երկրապահներ, շարունակեք ձեր կենսափորձով և գիտելիքներով, բարձագույն արժեքներով և դավանած գաղափարներով սատար լինել մեր պետությանը և մեր հասարակությանը․․․
Մեկ անգամ ևս շնորհավորելով մեծ խորհուրդ ունեցող օրվա առթիվ՝ մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին ու հայ ժողովրդին խաղաղություն, առողջություն և խաղաղ երկինք: