Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները Վայոց ձորի մարզում հանդիպեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզում հաստատված բնակչության հետ

17.04.2024

   ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Վայոց ձորի մարզում հաստատված բնակչության հետ հանդիպեցին Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը,  Աժ պատգամավորներ Տրդատ Սարգսյանը, Ալխաս Ղազարյանը, Հասմիկ Հակոբյանը,փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական Աննա Գասպարյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Մարիամ Գևորգյանը։

    Հանդիպման նպատակն էր ԼՂ-ից բռնի տեղահանված և այժմ մարզում բնակվող անձանց ներկայացնել ՀՀ կառավարության կողմից իրականացվող և իրականացվելիք ծրագրերը, քննարկել մեր հայրենակիցներին հուզող հարցերը, լսել նրանց մտահոգությունները, մանրամասնել խնդիրների լուծման ուղղությամբ կառավարության որդեգրած քաղաքականության հիմնական սկզբունքները, առաջարկներն ու մեխանիզմները։
   Հանդիպմանը ներկա էին նաև Վայոց ձորի մարզի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների տնօրենները, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների ներկայացուցիչներ։
   ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները նշեցին, որ ՀՀ կառավարությունն իրականացրել և իրականացնում է մեր հայրենակիցների կեցության աջակցությանն ուղղված կարճաժամկետ ծրագրեր,սակայն զուգահեռ այժմ մշակվում են նաև մի շարք միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր։
   Ի թիվս մի շարք սոցիալական ծրագրերի՝ բանախոսները ներկայացրեցին նաև բնակարանային ապահովության ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել 5 տարիների ընթացքում փուլ առ փուլ սկզբունքով։ Ծրագրով բնակարան գնելու կամ կառուցապատելու համար մեկ անձի հաշվարկով կհատկացվի 3–5 միլիոն դրամ՝ կախված բնակավայրից։
   Ծրագրի շահառու դառնալու համար սահմանվելու են առաջնահերթություններ։ Առաջին հերթին ծրագրի շահառու են դառնալու այն ընտանիքները, որոնց կազմում կան 3 կամ ավել անչափահաս, զոհված զինծառայողների ընտանիքները, որոնք նույնպես ունեն անչափահասներ, ինչպես նաև խոցելիության որոշակի մակարդակ ունեցող ընտանիքները։ Այնուհետև ծրագրից կօգտվեն այն ընտանիքները, որտեղ կա 1 կամ ավել անչափահաս երեխա, ապա այլ խմբերի ներկայացուցիչները։
   Բնակարանային ապահովության ծրագրից կարող են օգտվել այն անձինք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի։ Իսկ տվյալ բնակարանի կամ տան սեփականության իրավունքը նրանց կանցնի միայն 10 տարի հետո, եթե նրանք այդ ժամանակահատվածում բնակվել են տվյալ տանը կամ բնակարանում։
   Ներկայացվեցին ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց համար տարբեր ոլորտներին առնչվող ծրագրերի մանրամասներ, թվային տվյալներ՝ մասնավորապես նշելով, որ Հայաստանի դպրոցներում հանրակրթության մեջ այս պահին ներգրավված են ԼՂ-ից բռնի տեղահանված 17 000 աշակերտ, շուրջ 300 ուսուցիչ արտամրցութային կարգով տեղավորվել է աշխատանքի, իսկ առողջության պահպանման առաջնային օղակում կցագրված են շուրջ 72 000 քաղաքացի։ Ներդրվել է կենսաթոշակների և նպաստների տրամադրման ավելի պարզեցված կարգ, <<40+10 հազար>> ծրագիրը շարունակվելու է մինչև տարեվերջ, ՄՍԾ-ների միջոցով գործատուների հետ համագործակցությամբ իրականացվում են աշխատանքով ապահովման ծրագրեր։
   Իրականացված և նախատեսվող ծրագրերը ներկայացնելուց հետո ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները պարզաբանումներ տվեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բազմաբնույթ հարցերին, որոնք առնչվում էին հիմնականում բնակարանային սերտիֆիկատների տրամադրմանը,փաստաթղթային հարցերի կարգավորմանը, աշխատանքով ապահովմանը, տարբեր ծրագրերում շահառու լինելու պայմաններին,հետագայում ձեռք բերվող բնակարանների հնարավոր գնաճին, առանձին տնտեսական նախաձեռնություններում խրախուսմանը և այլն։
   Ամփոփելով հանդիպումը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը նշեց, որ մարզում բնակվող մեր հայրենակիցների հետ տարբեր ձևաչափերով հանդիպումները կրում են շարունակական բնույթ, և նրանք իրենց խնդիրները մշտապես կարող են ներկայացնել մարզպետի աշխատակազմ։

 



 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 10:36:38