Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ
08.03.2024
Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ:
Տոնը առիթ է նորից ու նորից վերարժևորելու հայ կնոջ դերը հայկական ընտանիքների ամրության, հրաշալի ավանդույթների պահպանման և սերնդեսերունդ փոխանցման, զավակներին հայեցի դաստիարակման, ինչպես նաև հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ունեցած նրա անգնահատելի ջանքերի և ներդրման գործում:
Հայ կնոջ կերպարում խտացվել են անսահման բարության ու մեծահոգության, անտրտունջ նվիրվածության ու ողջամտության գծերը, բայց հայ կինը միաժամանակ նաև ուժեղ է և պատասխանատու, վճռական և գործունյա:
Այս ամենին հավատարիմ՝ Վայոց ձորի մարզում ևս կանայք մեծ դերակատարություն ունեն տարբեր ոլորտներում. անժխտելի է նրանց լուման հատկապես կրթության և մշակույթի ոլորտում: Ներգրավվածության ընդլայնում կա ձեռներեցության, հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների գործունեության ասպարեզներում:
Առանձնահատուկ մեծարման են արժանի այն որդեկորույս մայրերը և այրիացած կանայք, որոնց որդիները և ամուսինները մեր խաղաղ արշալույսների համար նվիրաբերեցին հայրենիքին ամենաթանկը. ուժ և տոկունություն եմ մաղթում նրանց:
Սիրելի՛ կանայք, շարունակեք ձեր կանացի հմայքով և քնքշությամբ գեղեցկացնել, ձեր շրջահայացությամբ և խելամտությամբ իմաստավորել կյանքը, շարունակեք նույն եռանդով և նվիրվածությամբ արարել, ստեղծել, ստեղծագործել, կրթել և դաստիարակել սերունդներ, ունենալ մեծ ներդրում հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ ի շահ մեր երկրի առաջընթացի և բարօրության, ի նպաստ մեր ընտանիքների ներդաշնակության և խաղաղության...
Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին առողջություն, երջանկություն, անսահման սեր և կորով: