Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետ Կ․ Միքաելյանն ընդունեց մի խումբ ներդրողների
04.03.2024
Օրերս Վայոց ձորի մարզպետ Կ. Միքաելյանի հրավերով մարզպետի աշխատակազմ էին այցելել <<Երևանի շամպայն գինիների գործարանի>> սեփականատեր Հրայր Հակոբյանը, նույն գործարանի մենեջեր Յուրա Նշանյանը և ներդրող Աշոտ Մկրտչյանը:
Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալներ Ա. Խաչատրյանը, Բ. Սողոմոնյանը, ոլորտային պատասխանատուները , Եղեգիսի և Վայքի համայնքապետերը, Եղեգնաձորի համայնքապետի տեղակալը:
Հյուրերը հետաքրքրված էին գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերում որպես ներդրող հանդես գալու հնարավորությամբ: Նրանք ներկայացրեցին, որ կազմել են բիզնես-պլան, որի համաձայն՝ ստեղծում են հոլդինգ՝ ներառելով 50 գյուղացիական տնտեսությունների՝ 20-ը անասնապահության, 20-ը ինտենսիվ այգիների, 10-ը՝ ջերմոցային տնտեսության ոլորտներում, սակայն տարածաշրջանի առանձնահատկությունները հաշվի առնելով՝ հնարավոր է այս հարաբերակցության որոշակի փոփոխություն:
Նշեցին, որ նպատակ ունեն յուրաքանչյուր մարզում մեկ փորձարարական ծրագիր անել, հաջողության դեպքում՝ այն տասնապատկել: Սա կարող է պարենի ապահովման առումով ունենալ ռազմավարական նշանակություն , ինչպես նաև ապագայում լուծել ներքին և արտաքին շուկայի պահանջարկի հետ կապված հարցեր: Հոլդինգում ներգրավված ընտանիքը 5 տարի հետո դառնալու է այն տնտեսության 24 տոկոսի սեփականատերը, որում զբաղված է եղել և ստացել աշխատավարձ: Ըստ հյուրերի՝ մի քանի ոլորտի միացումը և հոլդինգի ստեղծումը կապահովի արդյունավետության շարունակականության շղթան: Ծրագրի հաջողության մյուս գրավականն այն կլինի , որ գյուղացին ինքը ևս որպես շահագրգիռ կողմ ցանկանա ընդգրկվել աշխատանքներում:
Այնուհետև ներկաները հարցեր ուղղեցին ներդրողներին. դրանք առնչվում էին ծրագրի իրավական կողմերին, հողատարածքի տրամադրման պայմաններին, գործընթացների մեխանիզմների հստակեցմանը և այլն:Մարզպետ Կ. Միքաելյանը կարևորեց մի շարք հարցերի պարզաբանումից հետո գյուղական բնակավայրերում ծրագրի մասին իրազեկվածության ապահովման հանգամանքը: