Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր գտնվում Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակությունը

15.02.2024

   Փետրվարի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունեց Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը:

   Հանդիպմանը ներկա էին նաև Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը, Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը, բարձրաստիճան այլ հյուրեր:

   Մարզպետ Կ․ Միքաելյանը շնորհակալություն հայտնեց Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին ինչպես Միացյալ Թագավորությունում իրականացվող հայանպաստ շարունակական նախաձեռնությունների, այնպես էլ Ջերմուկ այցելելու և Ադրբեջանի շարունակական սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակին անձամբ ականատես լինելու ցանկության համար։

   Պատվիրակության ղեկավար սըր Ջոն Ուիթինգդեյլն իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ընդգծեց, որ թեկուզև իրենք ընդհանուր առմամբ տեղյակ են պատերազմական գործողություններին և դրանց հետևանքներին, սակայն իրենց համար շատ կարևոր էր այցելել և տեղում ծանոթանալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին, ինչը թույլ կտա հասկանալ, թե ինչպես կարող են լավագույնս աջակցություն ցուցաբերել Հայաստանին։

   Հանդիպման ընթացքում մարզպետը պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին, ներկայացրեց Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում մարզում ստեղծված հումանիտար իրավիճակի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի, նրանց զբաղվածության և սոցիալական ինտեգրման ուղղությամբ մարզի և համայնքի կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

   Այս համատեքստում խորհրդարանական պատվիրակության անդամները հանդիպեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Ջերմուկ համայնքում բնակվող ընտանիքների հետ, լսեցին նրանց պատմությունները։

   Սըր Ջոն Ուիթինգդեյլը նշեց, որ արդեն երկու օր է, ինչ գնվում են Հայաստանում, բայց այս հանդիպումն իրենց համար ունեցավ առանձնահատուկ նշանակություն այդ պատմությունները և ստացված տեղեկատվությունն արձանագրելու և Միացյալ Թագավորության համապատասխան կառույցներում բարձրաձայնելու տեսանկյունից։

   Պատվիրակության անդամներին ներկայացվել է նաև 2022թ․ ադրբեջանական ագրեսիայի թիրախ դարձած քաղաքացիական ենթակառուցվածքներին և Ջերմուկ համայնքի տնտեսությանը հասցված վնասը։

   Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև Վայոց ձորի տնտեսության գերակա ուղղությունները, տնտեսական ներկայիս իրավիճակը և զարգացման միտումները` հատուկ անդրադարձ կատարելով զբոսաշրջության ոլորտին: Ոլորտի ընձեռած հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով կողմերն այցելեցին համայնքի այցեքարտ հանդիսացող Ջերմուկի ըմպելասրահ և տեսարժան այլ վայրեր:

   Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը հույս հայտնեցին, որ հաջորդ հանդիպումը կլինի ընդլայնված ձևաչափով, և պատվիրակության անդամները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալ մարզի տնտեսությանը, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտների ներուժին, մշակույթին և ժողովրդին՝ հետագա համագործակցությունն ավելի ամրապնդելու և նոր նախաձեռնություններով համալրելու նպատակով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26