Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Միջոցառում՝ նվիրված Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին
29.01.2024
Վայոց ձորի մարզային գրադարանում անցկացվեց <<100 տարին մեկ են ծնվում մեծություններն այս աշխարհի>> խորագրով գեղարվեստական ուրույն լուծումներով միջոցառում՝ նվիրված հայ գրականության՝ ճշմարտության և արդարության, հայրենասիրության և սիրո հավերժական պատգամախոսի՝ Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կ․ Միքաելյանը, փոխմարզպետ Բ․ Սողոմոնյանը, կրթության, սպորտի և մշակույթի վարչության պետ Տ․ Պոլուդնիցինան,ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ Ա․ Թարվերդյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տ․ Կարապետյանը, գրադարանի բարեկամներ, մշակութային և կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, պոեզիան սիրող և գնահատող մարդիկ։
Սևակյան շունչն ու ոգին ամենուր էր՝ թե՛ տեսանյութերում և սրահի թեմատիկ ձևավորումներում, թե՛ բանաստեղծի խոսքերով գրված երգերի կատարումներում և Սևակին հանդիպած մարդկանց հուշերում․․․ Սևակը մե՛րթ բանաստեղծ էր, մե՛րթ <<բնագետ>>, մե՛րթ գրականագետ, մե՛րթ էլ՝ իր պարզությամբ ու անմիջականությամբ <<հասարակ>> մի մարդ․․․
Հանդիսատեսը մեկ անգամ ևս խորհեց սևակյան հայտնի ճշմարտությունների շուրջ, որ <<մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի, մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում>>, <<առաջին սերը, ինչպես որ հացը, ինչ էլ որ անես, միշտ կուտ է գնում>>, <<ինչ լինում է, թող որ լինի միանգամից>>, <<պատահաբար են հանդիպում կյանքում, անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս>>․․․