Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության ներկայացուցիչ Կավիտա Բելանիին

25.01.2024

   Հունվարի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության ներկայացուցիչ Կավիտա Բելանիին: Այցի նպատակն էր քննարկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրները, իրականացված աջակցման ծրագրերը և հետագա անելիքները:

   Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Կ. Միքաելյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ և՛ 2020թ. , և՛ 2023թ. իրադարձություններից հետո Վայոց ձորի մարզում ապաստանած ընտանիքներին և նրանց ընդունող համայնքներին ուղղված աջակցման և համայնքահեն ծրագրերի իրականացման համար: Նա նշեց, որ պատկան կառույցները քաջատեղյակ են ՄԱԿ ՓԳՀ մարդասիրական առաքելության մասին և բարձր են գնահատում կազմակերպության ջանքներն ու արձանագրված արդյունքները՝ հատկանշելով առաջնային անհրաժեշտության պարագաների բաշխումն ու ձմռան հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումների ժամանակին և արդյունավետ իրականացումը:

   Շնորհավորելով մարզպետին իր նոր պարտականությունները ստանձնելու կապակցությամբ՝ Կավիտա Բելանին կարևորեց ՄԱԿ ՓԳՀ-ի և Վայոց ձորի մարզի միջև համագործակցության լավ փորձը՝ հույս հայտնելով, որ այն կլինի շարունակական, առավել սերտ և արդյունավետ։

   Դրական գնահատվեցին ընդունող համայնքների՝տեղահանված ընտանիքների նկատմամբ ջերմ վերաբերմունքը և նրանց առավել թիրախային աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը։ Հանդիպման ընթացքում մարզպետի կողմից ներկայացվեց նաև մարզում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բաշխվածության պատկերը ըստ համայնքների, ինչպես նաև նրանց առկա կարիքները և դրանց լուծմանն ուղղված գործողությունները։

   Հյուրերը քննարկեցին դիմակայունությանն ու տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի պլանավորման և իրականացման կարևորությունը, ինչպես նաև տեղահանված անձանց կարգավիճակին առնչվող մի շարք իրավական հարցեր՝ շեշտելով բռնի տեղահանված անձանց համար իրազեկման աշխատանքների պատշաճ կազմակերպման և իրականացման անհրաժեշտությունը։

   Վայոց ձորի մարզպետ Կ․ Միքաելյանը պատրաստակամություն հայտնեց աջակցելու ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից Վայոց ձորի մարզում նախատեսված ծրագրերի իրականացմանը։

   Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակներում ՄԱԿ ՓԳՀ գործընկերներն այցելեցին նաև Արենի բնակավայրում գործող երիտասարդական կենտրոն, որն արդեն հարազատ վայր է դարձել ԼՂ-ից տեղահանված երիտասարդների համար։ Նրանց համայնքային կյանքին ինտեգրելու , նոր ընկերներ և հնարավորություններ ձեռք բերելու նպատակով ՄԱԿ ՓԳՀ-ն կենտրոնին տրամադրել էր գույք և տեխնիկական աջակցություն։

 

 

 

 

 

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 16:31:29