Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում-քննարկում Եղեգնաձորի տարածաշրջանում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ

03.01.2024

   Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Եղեգնաձորի տարածաշրջանում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վ․Ասլանյանը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ Ա․ Թարվերդյանը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տ․ Կարապետյանը։
   Ողջունելով ներկաներին՝ մարզպետ Կոլյա Միքաելյանը ներկայացրեց հանդիպման նպատակը, այն է՝ վեր հանել այս փուլում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրները, քննարկել նրանց առնչվող ընթացիկ հարցերը, ներկայացնել դրանց լուծման ուղիները։
   Մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վ․Ասլանյանը ներկայացրեց աջակցության ծրագրերի ուղղությունները, թվային տվյալները, սոցիալական աշխատողների հետ համագործակցված աշխատանքի առանձնահատկությունները՝ միաժամանակ կարևորելով աջակցություն տրամադրելուն զուգահեռ ավելի երկարաժամկետ և կայուն արդյունքներ ապահովող գործողությունների ծավալումը։
   Այնուհետև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք իրենց հուզող հարցերն ուղղեցին պատկան մարմիններին, կիսեցին իրենց մտահոգությունները տարաբնույթ հարցերի շուրջ։ Դրանք վերաբերում էին հիմնականում բնակարանների բարձր վարձավճարներին, աշխատանքով ապահովմանը, ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու խնդիրներին, մի շարք փաստաթղթերի բացակայության դեպքում անելիքների հաջորդականությանը, գյուղատնտեսությամբ զբաղվելու պարագայում արտոնյալ պայմանների տրամադրմանը, սոցիալական ինտեգրմանը և այլն։ Բարձրացված հարցերին տրվեցին պատասխաններ։
   Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը վստահեցրեց, որ մարզպետի աշխատակազմը բաց է համագործակցության և աջակցության համար, նմանատիպ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ, և բարձրացված հարցերին տրվելու են համապատասխան լուծումներ, միաժամանակ հորդորեց այս դժվարին ժամանակահատվածում ցուցաբերել համբերություն և համախմբվածություն խնդիրների աստիճանական լուծման ճանապարհին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 09:48:53