Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները պարգևատրվեցին շնորհակալագրերով
29.12.2023
Դեկտեմբերի 27-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում հյուրընկալվել էին մարզում գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները։
Մարզպետ Կոլյա Միքաելյանը, բարձր գնահատելով երեխայի հոգեկան, ֆիզիկական և մտավոր առողջության պահպանման և ներդաշնակ զարգացման գործում ՆՈՒՀ-երի անփոխարինելի դերը, կարևորեց ՆՈՒՀ-երի գործունեության բոլոր կողմերը՝ դաստիարակությունից մինչև ծնողների հետ տարվող աշխատանքը, շինությունների անվտանգության խնդիրներից մինչև շենքային պայմանների բարելավում, բոլոր աշխատակիցների մասնագիտական պատրաստվածությունից մինչև ՆՈՒՀ-երի՝ փորձի փոխանակման, ոչ թե մրցակցային սկզբունքով աշխատելու անհրաժեշտությունը և այլն։
ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, սպորտի և մշակույթի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան հանդես եկավ զեկույցով՝ ներկայացնելով մարզի նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասին մի շարք տվյալներ, ոլորտի խնդիրները, օրենսդրական փոփոխությունները։ Նշվեց , որ ՆՈՒՀ-երը թեև համայնքային ենթակայությամբ գործող հաստատություններ են, սակայն պետք է ծավալել ակտիվ համագործակցություն ոլորտի խնդիրները համատեղ վեր հանելու, լուծման ուղիներ գտնելու, անհրաժեշտության դեպքում առաջարկություններ անելու համար։
ՀՀ Վայոց ձորի մարզի մարզպետ Կոլյա Միքաելյանն արդյունավետ աշխատանքի համար 17 նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններին պարգևատրեց շնորհակալագրերով։