Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում Եղեգիսի համայնքապետարանում
23.12.2023
Համայնքապետարանի աշխատակազմին, աշխատանքային պայմաններին և խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Կոլյա Միքաելյանը դեկտեմբերի 22-ին այցելեց Եղեգիսի համայնքապետարան, որտեղ համայնքի ղեկավար Ա. Ստեփանյանի, բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքապետարանի այլ աշխատակիցների հետ քննարկեցին տարաբնույթ հարցեր:
Դրանք վերաբերում էին գյուղտեխնիկայի արդյունավետ օգտագործմանը, բյուջեի հավաքագրման գործընթացին և պլանավորմանը, համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը, համայնքում ՀԷԿ-երի գործունեության խնդիրներին, գործարարներին համայնքային զարգացման ծրագրերում ներգրավելու մեխանիզմներին, համայնքապետարանի շենքային պայմանների բարելավման հնարավոր տարբերակներին և այլն:
Մարզպետ Կոլյա Միքաելյանը կարևորեց գյուղացու իրազեկված լինելու, նրա գործունեությունը խրախուսելու մեխանիզմներ կիրառելու, ՏԻՄ-ի աշխատողների՝ նրա հետ սերտ շփումները ունենալու, նրա շահերի պաշտպանը լինելու, ժամանակի փոփոխություններին և պահանջներին խելամտորեն ընդառաջ գնալու, գյուղական բնակավայրերի բնակիչների խնդիրներին ավելի մեծ ուշադրություն դարձնելու հանգամանքները:
Նշվեց, որ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ, մտահոգող խնդիրները և դրանց լուծման ուղիները կլինեն ամենօրյա աշխատանքի առանցքը։